Երկու օր Վերդիի աստվածային «Ռեքվիեմը» հիշատակի աղոթք էր հնչեցնում 1915-ի Ցեղասպանության 1,5 մլն նահատակների համար: Նախ Ծիծեռնակաբերդի բարձունքում, ապա նաև «Խաչատրյան» համերգասրահում ֆիլհարմոնիկի, ակադեմիական երգչախմբի և ճանաչված մենակատարների կատարյալ ներդաշնակությունն առանձնահատուկ հնչողություն էր հաղորդում գրեթե 150-ամյա «Ռեքվիեմին»:
«Ռեքվիեմի» բոլոր մենակատարներն օպերային լավագույն բեմերի արտիստներ են: Սոպրանո Ռուզան Մանթաշյանն իր վերելքի ճանապարհին բախվեց ռասիզմի ամենախայտառակ դրսևորմանը, երբ ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովը հրաժարվեց նրա հետ երգել Դրեզդենի օպերայում միայն նրա հայ լինելու պատճառով: Մանթաշյանն արժանապատվորեն հաղթեց այդ պայքարում և հիմա իր երազած դեբյուտը «Ռեքվիեմում» նվիրում է նաև 44-օրյա պատերազմի հերոս տղաների հիշատակին:
Մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան երևանյան այս համերգի համար շատ կարևոր հրավերներից է հրաժարվել, ասում է՝ չէր կարող այստեղ չլինել:
Օլեսյա Պետրովա, երգչուհի, մեցցո-սոպրանո - Սա այնպիսի օր է, որ ամբողջ աշխարհը պետք է այդ մասին հիշի: Ինձ համար չափազանց պատասխանատու և հուզիչ է այս համերգին մասնակցությունը: Ես պաշտում եմ Վերդիի «Ռեքվիեմը»՝ այնքան ցավ, սեր և հույս կա նրանում: Այլևս երբեք չպետք է կրկնվեն նման հանցանքները:
Եվգենի Ստավինսկի, երգիչ, բաս - Արդեն 4-րդ անգամ է, որ երգում եմ ֆիլհարմոնիկի հետ: Ցեղասպանության թեման ինչպես հայերի, այնպես էլ հրեաների համար չափազանց ցավոտ թեմա է, և ես՝ հրեա լինելով, ամբողջ սրտով զգում եմ այդ ցավը:
Անգամ ամենահեղինակավոր բեմերում ելույթներից հետո ապրիլի 24-ն ու «Ռեքվիեմը» կրկնակի պատասխանատվություն է Լիպարիտ Ավետիսյանի համար:
Համերգային այս նախագիծը նաև ավանդույթների շարունակականության վկայությունն է՝ ապրիլի 24-ին ֆիլհարմոնիկը միշտ է ռեքվիեմներ կատարել՝ սկսած Լորիս Ճգնավորյանի ժամանակներից, և ավանդույթը պահպանվում է առ այսօր: