ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
«ՀՀ պաշտպանության նախարարությունն ըմբռնումով է մոտենում զոհված զինծառայողների հարազատների, որոշ դեպքերում, իրենց զավակների գերեզմանները հաստատված նախագծից տարբերվող ձևաչափով կառուցելու ցանկությանը: Այդուհանդերձ, խնդրում ենք զերծ մնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված բոլոր զինծառայողների և կամավորագրված անձանց գերեզմանների միատեսակության ապահովման և հավասարության սկզբունքի պահպանման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: