Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ մի խումբ անձինք զբաղվում են ապօրինի թմրաշրջանառությամբ։
Նրանց հայտնաբերման միջոցառումներին ներգրավվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ինչպես և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։
Նախ ապրիլի 20-ին բերման են ենթարկվել 27 և 30 տարեկան երկու տղամարդիկ՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ։
Նույն օրը՝ մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել նաև 26-ամյա մի երիտասարդ՝ դարձյալ Երևանի բնակիչ։ Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին է հայտնաբերվել։ Մեթամֆետամին կար նաև երիտասարդի մեքենայում։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։ Հաջորդ օրը հայտնի է դարձել, որ բերման ենթարկվածներին թմրամիջոցն իրացրել էր Նուբարաշենում հաշվառված 36-ամյա մի տղամարդ, որը նույն թաղամասի բնակիչ 39-ամյա ընկերոջ հետ ապրիլի 21-ի գիշերը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։
Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներով գազային ատրճանակ ու մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկել են նաև 36-ամյա տղամարդու բնակարանը՝ հայտնաբերելով 100 գրամից ավելի մեթանֆետամինի նմանվող զանգված։
Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկվածներից չորսը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: