Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականից եվրոպական ստուգատեսին մասնակցել է 7 ըմբիշ, որոնցից 3-ը դարձել են մեդալակիր:
72 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Մալխաս Ամոյանը: Մեկնարկային գոտեմարտում նա 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել խորվաթ Ալեն Ֆոդորի նկատմամբ, քառորդ եզրափակչում 5:0 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Ռոման Պաչուրկովսկու նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում Ռոման Ամոյանը 1:4 հաշվով զիջել է վրացի Շմագի Բոլկվաձեին:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և Սլավիկ Գալստյանը (67 կգ): Մեդալային գոտեմարտում Մկրտչյանն ընդամենը մեկ րոպեում 8:0 հաշվով հաղթել է բելառուս Արտյոմ Կատսառին, իսկ Գալստյանը ժամանակից շուտ՝ 9:0 հաշվով պարտության է մատնել մոլդովացի Դոնիոր Իսլամովին:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ):
Հիշեցնենք, որ ավելի վաղ ելույթներն ավարտել էին ազատոճային ըմբիշները. Հայաստանի ընտրանուց բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը: