ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի 483-Ա հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրման քննությունների նոր հարցաշարը` գրավոր փուլի համար:
Նոր հարցաշարում ընդգրկված է 570 հարց: Դրանք ներառում են վերջին շրջանում իրականացված և կրթության ոլորտը կարգավորող շուրջ երկու տասնյակ իրավական ակտերում կատարված փոփոխությունները: Մասնավորապես, նոր խմբագրությամբ են շարադրվել ուսուցչի և տնօրենի ընտրության մրցութային կարգերը, փոփոխության է ենթարկվել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը, հաստատվել է հանրակրթական դպրոցի զարգացման ծրագրի օրինակելի ձևաչափը, ինչպես նաև ընդունվել է «Հանրակրթության պետական չափորոշիչը», ծավալուն փոփոխություններ են կատարվել «Հանրակրթության մասին» և «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքներում և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերում:
Նոր հարցաշարը հասանելի է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում, կհրապարակվի նաև «Կրթություն» շաբաթաթերթի առաջիկա համարում:
Նշենք, որ տնօրենի պաշտոնի հավակնորդների քննության գրավոր փուլի հարցաշարը, բացի կրթության ոլորտի օրենսդրությունից, ներառում է հարցեր ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային, քաղաքացիական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ: