Առողջապահության նախարարության որոշմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն կարող են պատվաստվել նաև մարդիկ, որոնք ռիսկի խմբում չեն, բայց պատվաստման ցանկություն ունեն: Ինչպես նաև ռիսկի խումբ ներկայացնող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող, բայց այս պահին այստեղ ապրող ու կացության իրավունք ունեցողները: Ինչ վերաբերում է պատվաստման վայրին, այստեղ նույնպես փոփոխություն է տեղի ունեցել: Այլևս պարտադիր չէ, որ քաղաքացիները պատվաստվեն հենց իրենց տեղամասային պոիկլինիկայում: Կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա:
Գայանե Սահակյան, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ - Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում և հայցեր, որ մարդկանց աշխատանքի վայրին մոտ չէ, ցանկանում են պատվաստվել, բայց հարմար չէ: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ են մտցվել: Ոչ աշխատանքային օրերին սահմանվել են հերթապահություններ, և առաջին անգամ շաբաթ-կիրակի օրերին աշխատում են նաև պատվաստումային կաբինետները:
Ինչ վերաբերում է լուրերին, թե «ԱստրաԶենեկա՞ պատվաստանյութի ժամկետը մայիսի 1-ից սպառվում է, Հիվանդությունների վերահսկման կենտրոնից այսպես մեկնաբանեցին. սրվակի վրա, որպես պիտանելիության վերջնաժամկետ, նշված է մայիսը, մարդիկ ենթադրել են, որ դա մայիսի 1-ն է:
Գայանե Սահակյան - Եթե չի նշվում ամսաթիվ, ուրեմն այդ պատվաստանյութը պետք է օգտագործել մինչև տվյալ ամսվա վերջին օրը:
Պոլիկլինիկաներից մեկում նկարահանեցինք սրվակը, փորձեցինք մեկնաբանություն ստանալ: Տեղյակ էին, որ պիտանելիության ժամկետի ավարտը մոտ է:
Հասմիկ Մելիքսեթյան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի իմունիզացիայի բժիշկ - Պատվաստանյութի պիտանելիության ժամկետը շշիկի վրա երբ գրվում է՝ օր, ամիս և տարեթիվ, ուրեմն վակցինան պիտանի է մինչև տվյալ օրը ներառյալ: Եթե նշված է ամիս և տարեթիվը, ուրեմն այն պիտանի է մինչև տվյալ ամիսն ամբողջությամբ: «ԱստրաԶենեկայի» դեպքում՝ 05-ը 2021 թվական, այսինքն՝ մինչև մայիսի 31-ը ներառյալ այս պատվաստանյութը պիտանի է:
Եթե, ամեն դեպքում, մեկ ամիս անց էլ որոշ պոլիկլինիկաներում պատվաստանյութն սպառված չլինի, այն կխոտանվի՝ վստահեցրեց Գայանե Սահակյանը:
Գայանե Սահակյան - Երբեք որևէ պոլիկլինիկա ժամկետանց պատվաստանյութ չի կիրառի:
Կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութի պիտանելիության ժամկետ 6 ամսից ավելի չէ՝ բացատրում է մասնագետը: Եվ քանի որ «ԱստրաԶենեկան» մեր Կառավարությունը ձեռք է բերում միջնորդ ընկերության օգնությամբ, այդ ընթացքում ժամանակի կորուստ է տեղի ունենում:
Գայանե Սահակյան - Հենց այդ նկատառումից ելնելով՝ քիչ քանակությամբ ենք բերում: Եթե ամբողջ խմբաքանակը բերեինք, նշանակում է՝ մենք դա իսկապես չէինք կարող սպառել և մեծ քանակությամբ պատվաստանյութ կարող էր խոտանվել:
Այս պահին Հայաստանում եղած «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի պիտանելիության ժամկետն, օրինակ, ավելի երկար է, քանի որ այն ձեռք է բերվել անմիջապես արտադրողից, բայց, ընդհանուր առմամբ, «Սպուտնիկի» ժամկետը նույնպես չի գերազանցում 6 ամիսը՝ բացատրում է մասնագետը:
Այս պահին նախարարությունն աշխատում է պատվաստանյութի նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Մասնագետները հաշվարկել են. որպեսզի հաղթահարենք կորոնավիրուսի երրորդ ալիքը, ինչպես նաև թույլ չտանք Հայաստանում հաջորդ ալիքների բռնկում, պետք է պատվաստված լինի մեծահասակ բնակչության առնվազն 50-60 տոկոսը: