ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հանդիպել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա էին պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը, Տաթևիկ Գասպարյանը և Կարեն Սիմոնյանը:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: «Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է աշխարհի շատ պետությունների կողմից: Բազմաթիվ են միջազգային կառույցները, քաղաքական առաջնորդները, մշակութային, ակադեմիական, գիտական հանրույթների ներկայացուցիչները, որոնք իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ ճանաչելով և դատապարտելով 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը»:
ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել պատվիրակության կազմում ընդգրկված Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դանիել Օրտեգային՝ անցած տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության կապակցությամբ, որով դատապարտվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու խորհրդարանների միջև ստորագրվելիք համագործակցության հուշագիրը, որը կնպաստի Հայաստանի և Կենտրոնամերիկայի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: «Մոտ ապագայում Կենտրոնամերիկյան խորհրդարանում Հայաստանի Հանրապետությունը կդառնա դիտորդ երկիր»,- հայտարարել է Կարոլինա Ֆերնանդեսը:
Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանի երկրներից ՀՀ Ազգային ժողովում բարեկամական խմբեր գործում են Գվատեմալայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի և Կուբայի հետ. «Կարծում եմ՝ ժամանակն է Նիկարագուայի և Հոնդուրասի երկրների հետ ևս ունենալու բարեկամական խմբեր»:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին. կողմերը կարևորել են հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը: