Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի մասնաշենքերից մեկն է: Վերջին երկրաշարժից հետո կոյուղին պարզապես կաթվածահար էր եղել, խնդրին ժամանակավոր լուծում են տվել: Բժշկական կառույցը 5 մասնաշենք ունի, բոլորն էլ՝ վթարային:
Սերգեյ Խաչատրյան (Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն) - 1979 թվականին կառուցված շենքեր են, ենթակառուցվածքը ֆիզիկական շատ վատ վիճակի մեջ է: Այս ամենը երբևիցե նորոգված չի եղել:
Տնօրենն ուղեկցում է ու փաստում՝ բժշկական կառույցը ոչ մի չափորոշչի չի համապատասխանում: Ստիպված են մեկ հիվանդասենյակում 12 մարդ բնակեցնել, այնինչ, ըստ նորմերի, 3 պետք է լինի:
Իրավիճակն առաջիկայում կփոխվի: Կենտրոնը ներառվել է առողջապահության նախարարության ծրագրերում: Մոտ երեք ամսից շինարարությունը կսկսեն, ոչ միայն կնորոգեն, կվերազինեն, այլև կցակառույցներ կավելացնեն:
Նախատեսում են առանձին մուտքով առանձնացնել զինակոչիկների փորձաքննության բաժանմունքը, ընդունարանին կից ունենալ նաև մի քանի հիվանդասենյակ այն այցելուների համար, որոնց վերաբերյալ ստացիոնար բուժման որոշում չկա: Տարածքում նաև նոր երկհարկանի մասնաճյուղ կկառուցվի:
Հոգեկան առողջության մանկական բաժանմունք, այդ թվում նաև՝ ճգնաժամային կենտրոն Հայաստանում երբեք չի եղել: Առողջապահության ոլորտում սա նոր քայլ է: Տարածքում նաև մաքրման կայան կկառուցվի: Կենտրոնի բոլոր մասնաշենքերը նորոգելու, վերակառուցելու համար 4 տարի կպահանջվի: Պետությունն արդեն 5 միլիարդ դրամ է հատկացրել:
Գևորգ Սիմոնյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Այս տարին առողջապահական համակարգի համար աննախադեպ է կապիտալ ծախսերի մեկնարկի մասով:
Բացի Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից, ժամանակի պահանջներին համապատասխան նոր մասնաճյուղ կկառուցվի նաև Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Նոր բժշկական կենտրոններ՝ Թալինում ու Ծաղկահովիտում: Կցակառույցներ կավելացնեն ու կնորոգեն նաև Չարենցավանի բժշկական կենտրոնը:
Գևորգ Սիմոնյան - Սիսիանում, հաշվի առնելով Սյունիքի մարզի կարևորությունը մեզ համար, որոշում կայացվեց կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան նոր կենտրոն: Բյուջետային միջոցների շրջանակում այս պահին հաստատված 6 ԲԿ-ներ կկառուցվեն կամ կվերակառուցվեն մասնակի: Ընդհանուր, ամբողջ պրոյեկտը կարժենա մոտ 11 միլիարդ դրամ:
Հիվանդանոցներ կվերակառուցվեն նաև վարկային միջոցներով: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով արդեն սկսվել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարությունը: Այս տարի կմեկնարկի նաև Վայոց ձորի նոր ԲԿ կառուցումը: Իսկ 2022-ին Եվրասիական զարգացման և կայունացման բանկի դրամաշնորհով, Արարատում և Արմավիրում նախատեսվում է կառուցել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի երկու նոր մասնաճյուղ: