Սյունիքում այսօր կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի 7-րդ նիստը, որին մասնակցել են փոխնախարարներ, Սյունիքի մարզպետն ու գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն է հետպատերազմյան ժամանակահատվածում անվտանգության և սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներին հրատապ լուծում տալը:
Օրակարգում է եղել նաև Սյունիքի սահմանամերձ բնակիչներից զենք-զինամթերքի հավաքումը:
«Դեկտեմբերից մարդիկ զենքեր են ստացել և չեն հանձնել: Երբեմն նրանք նաև կրակում են այդ զենքերից՝ մարդկանց գցելով խուճապի մեջ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ միշտ լարվածություն լինի, ինչն անթույլատրելի է, ուստի զենքերը պետք է հավաքվի: Ոստիկանության և զինված ուժերի հետ համատեղ հանձնաժողով ենք ստեղծել, որպեսզի այդ զենքերը հավաքենք»,- ասել է մարզպետը: