Արմեն Մելիքյան («Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդ» մասնաճյուղի աշխատակից) - Էս փոքրերը կաղնի են, մեծերը՝ հացենի: Պիտի 5 հազար հատ տնկենք, էսօրվա մեր պլանը էդքան է:
Բերդից Իջևան օգնության եկած անտառտնտեսության աշխատողները վստահ էին, որ կհասցնեն, եղանակը՝ արևոտ, իրենք՝ եռանդով լի:
Մարզում առավոտից ծառատունկի եռուզեռ էր, մեկ օրվա համար նախատեսված էր 43 հազար տնկի, որից 36 հազարը՝ Իջևանի անտառտնտեսությունում:
Հայկ Ղալումյան (Տավուշի մարզպետ) - Մնացած ծառերը տնկվելու են մարզի տարածքում` համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, վարչական տարածքներում, որն իրականացվում է համայնքապետարանների, կոմունալ ծառայության և բնակչության միջոցով: Էս տարածքում ընդգրկված է մոտավորապես 400 հոգի, պետական կառույցներն իրենց մասնակցությունն ունեն:
Իջևանի 27800 հա զբաղեցնող անտառտնտեսության` անտառի վերականգնման համար հատկացված 60 հա-ից նախորդ 2 տարիներին փակ սածիլային համակարգով ծառատունկ է կատարվել 40 հա-ի վրա, մնացած 20 հա-ից 12-ը օրվա անելիքն է, իսկ 8 հա-ն նախատեսվել է աշնանը: Տնկիները տեղական չորս ծառատեսակի են:
Մհեր Ղալթախչյան («Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան» մասնաճյուղի տնօրեն) - Տեղանքը ընտրվել է՝ բարձրադիր գոտին հաշվի առնելով, կպչողականության համար հարմար: Կաղնի, հացենի, թխկի, խնձորենի տեսակի, դրանք տվյալ տեղանքին հարմար ծառատեսակներն են:
Նախորդ 40 հա-ի նման կցանկապատվի նաև նորատունկ 12 հա տարածքը՝ սկսելով հենց հաջորդ օրվանից, որ մատղաշ տնկիները ծառ ու անտառ դառնան: