ԱՄՆ կինոակադեմիան տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» կինոնկարը՝ «ամերիկյան երազանքը» երկրում ապրող չինուհու աչքերով, գրում է BBC-ն: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որն աշխատանքից ու տնից զրկվելով՝ ավտոտնակով սկսում է շրջել Միացյալ Նահանգներով: Քլոե Չժաոն ճանաչվել է տարվա լավագույն ռեժիսոր, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Ֆրենսիս Մաքդորմանդը «Օսկարի» է արժանացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
«Լավագույն դերասան» մրցանակը շնորհվել է Էնթոնի Հոփքինսին՝ «Հայրիկ» ֆիլմում գլխավոր դերի համար: 83-ամյա Հոփքինսը դարձավ «Օսկարի արժանացած ամենատարեց դերասանը:
«Լավագույն ինքնատիպ սցենարի» համար «Օսկարի» է արժանացել բրիտանացի դերասանուհի և ռեժիսոր Էմիրալդ Ֆենելին՝ «Խոստումնալից աղջիկը» ֆիլմի համար:
Կինոակադեմիան արտասահմանյան լավագույն գեղարվեստական ֆիլմ է ճանաչել դանիացի ռեժիսոր Թոմաս Ուինթերբերգի «Եվս մեկը» աշխատանքը, «Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Հոգի» մուլտֆիլմը, իսկ «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ «Իմ ուսուցիչը ութոտնուկն է»:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունն այս տարի անցկացվել է համեմատաբար փոքր լսարանի՝ 170 հյուրի ներկայությամբ: Մերժվել է նաև կարմիր գորգով անցնելու ավանդույթը և «Օսկարի» հայտնի դեմքերին, հատկապես կանանց զրկել ինքնատիպ ու նորաձև զգեստների ցուցադրումից: