Բայդենի հայտարարությունից երկու օր անց թուրքական լրատվամիջոցներն ակտիվ քննարկում են Անկարայի հնարավոր պատասխան քայլերը: Մամուլը գրում է՝ Անկարան ծրագրում է Վաշինգտոնի դեմ մի շարք պատժամիջոցների կիրառման հարց բերել օրակարգ: Կուլիսային խոսակցություններին հղում անելով՝ Թուրքիայի չորրորդ իշխանությունը հայտնում է՝ կառավարությունը քննարկում է նաև ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը:
«Իշխանության ներսում անգամ խոսվում է ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին՝ մատնանշելով Ֆրանսիայի օրինակը, որ դուրս է եկել դաշինքի կազմից, հետո վերադարձել: Իշխող կուսակցության ներսում անգամ խոսակցություն է եղել, որ առանց Հյուսիսատլանտյան դաշինքի, Թուրքիան չի կորցնի իր հզորությունը»:
Հղում անելով սեփական աղբյուրներին՝ թուրքական լրատվամիջոցները Վաշինգտոնին ուղղված՝ որպես երկրորդ հնարավոր պատիժ նշում են Ինջիրլիքի ռազմաբազայի փակումը: BBC-ի թուրքական ծառայությունն այս լուրը փորձել է ճշտել Թուրքիայի նախագահի խոսնակից: Իբրահիմ Քալընը հրաժարվել է մեկնաբանել: Իսկ ավելի վաղ «Ռոյթերս» գործակալության հետ զրույցում ավելի պատկերավոր ներկայացրել Անկարայի՝ Վաշինգտոնին պատժելու մտադրությունը:
Իբրահիմ Քալըն, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ - Այս հայտարարությունն, անշուշտ, իր ազդեցությունը կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Առաջիկա օրերին և ամիսներին տարբեր կերպ ու տարբեր մակարդակներում մենք պարբերաբար կարձագանքեն Բայդենի ուղերձին: Այժմ ամերիկացիները պետք է մտածեն իրենց արածի մասին և հաշվարկեն, թե ով կշահի հետևանքներից:
Հարցազրույցի ընթացքում Քալընը տեղեկացրել է՝ այս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը հանդես կգա հայտարարությամբ։ Մինչև այդ, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը Վաշինգտոնին խորհուրդ է տվել զգույշ լինել իր երկրին մեղադրելուց առաջ և նախևառաջ վերհիշել սեփական պատմությունը: Նույն խորհրդով է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ ներկայացնելով նաև ժխտողական թեզեր պարունակող անհիմն պնդումներ։
Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից ժամեր անց թուրքական լիրան մոտեցել է ռեկորդային ցածր ցուցանիշի: Այն անկում է գրանցել 1,2 տոկոսով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 8,48 լիրայի: Նոյեմբերին արձանագրված ցուցանիշը 8,58 էր: Ahval news-ը գրում է՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խնդիր է դարձել ՆԱՏՕ-ի անդամ երկու պետության միջև: Լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների նպատակով կանչել է Վաշինգտոնում իր դեսպանին:
Բայդենի ուղերձից հետո Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը: ԱՄՆ-ի դեսպանատունն ու հյուպատոսությունը հայտարարել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինեն ապրիլի 26-ին և 27-ին՝ բողոքի ակցիաների անցկացման հավանականություն կա: Ոստիկանության աշխատակիցներն ազատում են ԱՄՆ դիվանագիտական առաքելության վարչական շենքերի հարակից տարածքները: