Այս նստաշրջանի ընթացքում նշվեց ռազմագերիների հետ կապված բանաձևը, որը, իմ կարծիքով, առավել լավ ներկայացրեց Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննախը, ու այդ բանաձևը հանգում է հետևյալին՝ «ոչ մի եթե և ոչ մի բայց»՝ ռազմագերիները պետք է վերադարձվեն: Սա, ըստ էության, այն հեշթեգն է, որով առաջնորդվում է ԵԽԽՎ-ն, և պետք է կարևոր նկատառում հաշվի առնել՝ որ Եվրոպական դատարանը շատ քիչ դեպքերում է դիմում Նախարարների կոմիտե՝ տեղեկացնելով, որ այս կամ այն կառույցը, պետությունը չեն ցանկանում համագործակցել Եվրոպական դատարանի հետ: Այս մասին հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ պետք է ընդգծել, որ Ադրբեջանի չհամագործակցելու աստիճանը հասել է այն մակարդակի, որ դատարանի համար կարիք է առաջացել դիմել Նախարարների կոմիտե:
«Նախարարների կոմիտեն, Գերմանիայի ղեկավարությամբ, բոլոր դիվանագիտական, քաղաքական, իրավական լծակները պետք է կիրառի, որպեսզի Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ դառնա կառուցողական: Սա չափազանց կարևոր հատված է, որը պետք է մենք ընդգծեինք: Չպետք է մոռանանք, որ լուրջ քննարկում ծավալվեց այդ սարսափելի «պուրակի» հետ կապված, և ելույթների մեծ մասում ընդգծվում էր ոչ միայն գերիների վերադարձի հարցը, այլև որ հանձին Ադրբեջանի ունենք ռասայական խտրականության վրա հիմնված մի պետություն, որը որևիցե եղանակով չի կարող երաշխավորել ոչ միայն հայ ռազմագերիների, այլև ընդհանրապես էթնիկ հայերի գոյությունը Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող որևէ տարածքում:
Սա էլ է բանաձևվել, հստակեցվել այս նստաշրջանում, բայց մենք շարունակաբար տանելու ենք այս գործընթացն առաջ: Իսպանիայից մեր գործընկերները համապատասխան բանաձև են ներկայացրել, որը պետք է քննարկվի բյուրոյի կողմից, և եթե այն հաջողության հասնի, մենք հնարավորություն կունենանք նաև այս հարցի վերաբերյալ այլ զեկույցներ ունենալ: Շատ դեպքում մենք չենք էլ հասցնում ռեակցիա տալ, որովհետև Եվրոպայի խորհրդի մեր գործընկերները շատ արագ այդ հարցերը քննարկում են: Սրանք այն հարցերից են, որոնք չունեն քաղաքական ենթատեքստ, բացառապես փոխկապակցված են ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ, իսկ դա Եվրոպայի խորհրդի կարևոր գործառույթներից է»,- նշեց Վարդանյանը: