Սպասվելիք Ցեղասպանության վախը գիտակցելով՝ 1903 թվականին Նորայր Վրույրի հայրը ստիպեց իր երկու զավակներին լքել Պոլիսը և հաստատվել Եվրոպայի որևէ քաղաքում։ Եղբայրներն ընտրեցին Բելգիան, և 1920 թվականին Նորայր Վրույրը հիմնեց հայկական գորգերի այս խանութը։
Նորայր Վրույրի կրտսեր եղբոր երազանքը Բրյուսելի հայտնի կոնսերվատորիայում երաժիշտ դառնալն է եղել: Նոր կյանքը որոշվեց հենց Բելգիայում սկսել։ Պոլսում հոր մահից հետո ֆինանսական դժվարությունների պատճառով Նորայր Վրույրը թողել է իր բժշկական ուսումը, փոխարենը անցել կրտսեր եղբոր՝ կոնսերվատորիայի երազանքն իրականացնելուն:
Արա Վրույր (Նորայր Վրույրի թոռը) - 1904 թվականին Բելգիայի Լիեժ քաղաքում գորգերի ցուցահանդես կար, և գորգագործ Կարակարյանը մի երիտասարդի էր փնտրում։ Պապիկս նրա մոտ գործի անցավ և մինչև 1914 թվականն աշխատեց այնտեղ։ Երբ սկսվեց Առաջին աշխարհամարտը, ու գերմանացիները գրավեցին Բելգիան, շատ հայեր վախի զգացումով, որ Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիան կայսրության փաստաթղթեր ունեցողներին հետ կուղարկի, լքեցին Բելգիան։ Այդ թվում՝ պապիկս: Նա հաստատվեց Հոլանդիայում:
Պատերազմի ավարտին գաղթական դարձած ընտանիքը վերադարձել է Բելգիայի ֆլամանական Անթվերպեն քաղաք, որտեղ ապրել է կնոջ ընտանիքի մեծ մասը։ Հայ գորգագործի մոտ սովորածով և հայկական ճարպկությամբ Նորայր Վրույրն օրվա հացը վաստակելու համար բացել է իր խանութը։
Արա Վրույր - Պապիկս հոգու խորքում ոչ միայն բժշկությամբ էր հետաքրքրված, այլ նաև բանասիրության մեծ սիրահար էր, և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, երբ գորգերի խանութում գործերը գրեթե կանգնած էին, Լյուվենի համալսարանի բանասիրության ֆակուլտետն ընդունվեց, որից հետո հայերենի ստուգաբանական բառարան գրեց՝ երկու հատոր։
Ցեղասպանությունից փրկված ու գաղթի ճանապարհը բռնած Նորայր Վրույրը նոր էջից սկսել է նոր կյանք։ Ծանոթացել է Բելգիայի ակադեմիական և գիտական վերնախավի հետ։ Ինտելիգենցիայի մարդ էր պապիկս՝ ասում է Արա Վրույրն ու կատակում՝ գորգերի խանութի մինչ օրս գործելը հոր ավանդն է, այլ ոչ թե գիտության սիրահար պապինը:
Պոլիս վերադառնալու ցանկություն երբևէ չի ունեցել, ո՛չ բարեկամ կար, ո՛չ էլ ցանկություն։ Կյանքի վերջին տարիներին Արևելքն ուսումնասիրողների միության անդամ է եղել, և հենց այդ միության ընկերներն են համոզել՝ իրենց հետ ճամփորդել և մասնակցել մի գիտաժողովի։ Հիմնվելով պապիկի գրավոր հուշերի վրա՝ Արա Վրույրը հիշում է.
Արա Վրույր - Բաժակի վերջին կաթիլը, կարծում եմ՝ պապիկիս մոր թաղման ժամանակ է լցվել, երբ ծնող կորցնելու ցավը սրտներում՝ գերեզմանատնից դուրս են եկել և հանդիպել մի խումբ մարդկանց, որոնք ծաղրել են նրանց՝ պարզապես հայ լինելու պատճառով:
Նորայր Վրույրի կյանքի նոր էջը միայն երկիր փոխելով չի սահմանափակվել։ Նրա կյանքում փոփոխությունը եղել է հիմնովին։ Սուլթանական փաստաթուղթը փոխարինվել է Հայաստանի առաջին Հանրապետության անձնագրով։
Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքացիություն, իսկ տարիներ անց Դիմադրությանը մասնակցելու համար Բելգիայի կողմից որպես երախտագիտություն՝ Բելգիայի քաղաքացիություն, բայց՝ հայկականությունը միշտ սրտում պահած։
Այսօր Նորայր Վրույր անունը կրող գորգերի խանութի գործը հանձն են առել շարունակել Արա Վրույրի դուստրերը։ Եռահարկ գորգերի խանութի գողտրիկ անկյուններից մեկում՝ Հայաստանի առաջին Հանրապետության անձնագրի կողքին, պատվավոր տեղ ունի Ղարաբաղ գորգն իր ողջ հմայքով։
Հայերեն, ֆրանսերեն, ֆլամաներեն՝ բազմալեզու, բազմամշակութային հրաշալի այս ընտանիքն իր անցած ճանապարհով, կազմակերպած և պլանավորող ցուցահանդեսներով մեկ անգամ չէ, որ եվրոպացիներին հնարավորություն է տվել ճանաչել հայկական մշակույթը և Հայաստանը։ Արա Վրույրն ինքը համայնքային կյանքին ու գործունեությանը մեծ ժամանակ է հատկացնում։ Իսկ իրենց մեծ հորից ժառանգել են թերևս ամենակարևորը՝ հումորով վերաբերվել դժվարություններին՝ հեշտությամբ հաղթահարելու համար։
Արա Վրույր - Շատ կատակասեր է եղել, և հենց դա էլ թերևս իր ինքնապաշտպանությունն է եղել դժվարին պահերին:
Նախախնամությո՞ւն, թե՞ ենթագիտակցաբար կատարված ընտրություն: Դժվար է այսօր ասել, բայց որ ոչինչ պատահական չէ՝ դա հաստատ է։ Նորայր Վրույրի գորգերի խանութն Անթվերպենի ամենաբանուկ հատվածում է՝ հենց Կոմեդիայի հրապարակում։
Կյանքի փիլիսոփայություն, որը ընտրված տեղանքով էլ ավելի է ամրապնդել արհավիրքները ծիծաղով ընդունելու նուրբ արվեստը։