Բաքվում մշակութային հացագործությունները կոծկելու ժամանակավոր լուծում են գտել՝ առանց պատճառաբանության արգելել են միջազգային կառույցների մուտքն իրենց վերահսկողության տարածքներ: Ու չնայած բոլոր ջանքերին՝ ժամանակ առ ժամանակ համացանցում է հայտնվում հերթական վայրագության տեսանյութը: Այս անգամ թիրախում Շուշիի Սուրբ Ղազանչեցոցն է:
Սրանք կադրեր են օկուպացված բերդաքաղաքից: Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի մուտքի հրեշտակներն ու դարպասի խաչն այլևս չկան: Սա կարող էր այս պատմության ամենածանր դրվագը չլինել, եթե համացանցում չհայտնվեր Սուրբ Ղազանչեցոցի, այսպես կոչված, վերականգնման պատկերը:
Րաֆֆի Քորթոշյան, Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն, ճարտարապետ - Եթե համարենք, որ իրոք վերանորոգում են, պետք է տախտակամածը դրվեր եկեղեցու հատվածում, իսկ մենք տեսնում ենք, որ զանգակատան հատվածն է նաև, որը պատերազմի ժամանակ չէր վնասվել, չէր տուժել: Այստեղ խնդիրն այլ է:
Խնդիրը հայկական հետքը վերացնելն ու եկեղեցու ծագումը նենգափոխելն է՝ վստահ է ճարտարապետը և հավելում՝ ինչպես իրենք են սիրում դա անել՝ հայկականն աղվանական ներկայացնել:
Րաֆֆի Քորթոշյան - Կարմիր կովն իր կաշին չի փոխում: Ենթադրում եմ, որ հիմա նրանք իրենց վանդալական գործերն ուզում են մի քիչ քաղաքակիրթ ձևով անել, որովհետև մենք տեսել ենք, թե ինչպես են արձանագրությունները կացինով ջնջում, Հադրութում խաչքար քանդում: Հիմա, այսպես ասած, քաղաքակիրթ ձևով են անում:
Քաղաքակիրթ աշխարհը հայկական հետքը վերացնելու ադրբեջանական ձեռագիրը պատերազմի օրերին, նաև դրանից հետո տեսել, արձանագրել, քննադատել է: Հարցը համանախագահ երկրների օրակարգում է՝ հայտնում է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը:
Արա Այվազյան, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար - Մեր գերատեսչությունը աշխատում է շատ հետևողական, ես կբերեմ մեկ օրինակ. ապրիլի 24-ին բացվեց «Արցախ, վտանգված ժառանգություն» ցուցահանդեսը, որին մասնակցեցին նաև Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ: Ադրբեջանը շարունակում է արգելել միջազգային կառույցների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը:
Ճարտարապետը վստահ է՝ ադրբեջանական ձեռագիրը ընթեռնելի կդառնա, եթե մի օր էլ Շուշի այցելեն լրագրողները: