2021 թվականի ապրիլի 24: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը խոսելով Հայոց ցեղասպանությունից՝ օգտագործեց Genocide եզրույթը՝ ընդ որում, ոչ թե համեմատության մեջ դնելով Հոլոքոստի հետ, ինչպես ժամանակին արել էր նախագահ Ռոլանդ Ռեյգանը, այլ Թուրքիային մեղադրեց ցեղասպան պետություն լինելու համար:
Որ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իրերը կկոչի իրենց անուններով, հայտնի էր դեռևս ապրիլի 21-ին, երբ «Բլումբերգ» պարբերականը, հենվելով Սպիտակ տան իր աղբյուրների վրա, պնդեց, թե նախագահը օգտագործելու է «ցեղասպանություն» եզրույթը: Նույն ակնարկն արվեց նաև ապրիլի 24-ի նախօրեին, երբ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը, նույնպես օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, կոչ արեց մեկ օր համբերել՝ պնդելով, թե պաշտոնական Վաշինգտոնի հիմնական ասելիքը կհրապարակի հաջորդ օրը: Ընդ որում, այնպիսի տպավորություն էր, որ Վաշինգտոնը, Անկարային ապտակելուց առաջ, փորձում է ամեն ինչ անել, որ հարվածը շոկային չլինի: Ամենայն հավանականությամբ, ամերիկացիների մարդասիրությունը չգնահատվեց, քանի որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն Բայդենի ուղերձը որակեց որպես ամբոխահաճո և պատեհապաշտական:
Իրականում անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ Բայդենի կոչը բնավ պատահական կամ, առավել ևս, պատեհապաշտական չէր, քանի որ դեռևս երեք-չորս ամիս առաջ արդեն ակնհայտ էր, որ Բայդենի նոր վարչակազմը դեռ դիրքավորվում է և նախապատրաստվում է մի շարք, այդ թվում՝ Թուրքիայի նկատմամբ դիրքորոշման էական խստացումների: Արդեն այն ժամանակ զգացվում էր, որ Վաշինգտոնը հոգնել է անհավատարիմ կնոջ Անկարայի պահվածքից, և արդեն ապրիլ-մայիսին Միացյալ Նահանգները կսկսի Թուրքիային իրական աշխարհ վերադարձնելու փորձերը:
Ըստ էության, սա նշանակում է, որ առաջին այս քայլին կարող են հետևել Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ, որոնցից որոշները կարող են նաև համապատասխանել պաշտոնական Երևանի շահերին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցության խնդրին, որը, բնականաբար, կարող է դառնալ Անկարայի նկատմամբ ճնշում բանեցնելու Վաշինգտոնի գործիքներից մեկը: Հատկապես որ ամերիկյան հատուկ ծառայություններն արդեն ավարտել են պատերազմում Թուրքիայի մասնակցության ապացուցների հետազոտումը, և ուսումնասիրությունն արդեն, ըստ որոշ տեղեկությունների, ուղարկվել է թե՛ Սպիտակ տուն, թե՛ օրենսդիր պալատներին: Այսինքն՝ եթե հայկական կողմը կարողանա կենտրոնացնել ուժերն ու գործակցել Սփյուռքի և հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ, ապա հնարավոր է, որ Արցախյան երկրորդ պատերազմն իր ընթացքով ու հետևանքներով դառնա ԱՄՆ-ի արտաքին քաղաքական օրակարգի մաս: Իսկ եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում որոշակիորեն ակտիվացել է նաև Մինսկի խումբը, որում Միացյալ Նահանգները երեք համանախագահներից մեկն է, ապա բացառված չէ, որ Թուրքիային զուգահեռ հայելային ճնշում կսկսի գործադրվել նաև Բաքվի վրա, և հատկանշական է այն, որ նման ճնշման հարցում Վաշինգտոնը կարող է ունենալ նաև Մոսկվայի և Փարիզի աջակցությունը: