Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ վճռական է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման հարցում, և իր համար նշանակություն չունեն վայրն ու ժամկետը: Զելենսկու համար կարևորը երկխոսության բովանդակությունն է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ուկրաինայի նախագահը միաժամանակ նշել է, որ չի ընդունում Պուտինի այն պահանջը, ըստ որի ինքն առաջին հերթին պետք է հանդիպի Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարների հետ:
«Ես ահաբեկիչների հետ խոսելու մտադրություն չունեմ, և դա անհնար է՝ ելնելով իմ դիրքից»,- ասել է Զելենսկին: Ապրիլի 20-ին նա Պուտինին հրավիրել էր հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է ընթանում:
Ռուսաստանի նախագահն էլ առաջարկել էր հանդիպել Մոսկվայում: Հանդիպման առաջարկն ընդունվել է, այժմ Զելենսկու գրասենյակը ճշտում է տեղն ու ժամը: Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ պատրաստ է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում ռուսախոս բնակչության և Ուղղափառ Եկեղեցու կարգավիճակը: