Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավիե Բելլամինը «Լուրերի» հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում ասել է, որ Եվրոպան պետք է թույլ չտա լռության շարունակությունը:
Ֆրանսուա Քսավիե Բելլամին (Եվրախորհրդարանի պատգամավոր) - Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզագույն արդարության խնդիր է, որպեսզի հարգանքի տուրք մատուցվի 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին, որը մանրակրկիտ ծրագրված հանցագործություն էր։ Ցեղասպանության հիշատակումը նպատակ ունի, որ հանցագործությունը չկրկնվի, քանի որ նրանք, ովքեր ատելության քարոզ են տարածում և գործում են նույն ցեղասպանական տրամաբանության շրջանակում, նույն ուժերն են, որոնք ժխտում են ցեղասպանությունը։ Ես խորապես վրդովված եմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ միայն ժխտում է ցեղասպանությունը, այլ նաև փորձում էր խանգարել ԱՄՆ-ում ճանաչման գործընթացին։
2020 թվականի վերջին մենք տեսանք, որ հայերը կրկին թիրախավորվել էին նույն ուժերի կողմից, այս անգամ՝ Արցախում: Տեսնում ենք, թե նրանք ինչպես են ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը: Դա ցեղասպանության ժխտողականության տրամաբանության շարունակությունն է։ Մենք նաև տեսանք, որ Ֆրանսիայի քաղաքներում ծայրահեղականները հայերին հետապնդման փորձեր արեցին՝ հիմնվելով զուտ հայերի ազգային պատկանելության վրա, դա նույն ցեղասպանական տրամաբանության մեջ է: Թուրք-ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ օրից ես Եվրախորհրդարանում բարձրացրեցի և աղաղակեցի այն մասին, որ մենք գործ ունենք հենց բուն Հայաստանի դեմ հարձակման։ Ես ասացի, որ ժամանակն է, որ Թուրքիան անպատիժ չմնա և պատասխանատվություն կրի իր արարքների համար։ Թուրքիան ամբողջ տարածաշրջանում անկայունություն է սփռում, և այն, ինչ Թուրքիան արեց Հայաստանի դեմ, միջազգային իրավունքի նկատմամբ արհամարհանքի դրսևորում էր։ Եվրոպան պետք է միացյալ ջանքերով պահանջի հայ ռազմագերիների ազատումը: Պետք է վերջ դնել լռությանը: