Մենք ականատես ենք եղել հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման նախադեպերի և դրանք արդարացնելու պաշտոնական հայտարարությունների. ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների ճակատագրին:
«Այս հարցը մեր մշտական ուշադրության և աշխատանքի շրջանակներում է, և վստահաբար նկատել եք, որ միջազգային մեր գործընկերներն ամենախիստ ձևով քննադատել են հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու, ինքնությունը փոխելու ցանկացած միտումներ: Այս հարցը նաև մտել է խաղաղ գործընթացի օրակարգի մեջ, ինչի մասին վկայում են համանախագահ երկրների 2020 թ. դեկտեմբերի 3-ի և այս տարվա ապրիլի 13-ի հայտարարությունները: Մենք աշխատում ենք մասնագիտացված կառույցների հետ, շատ սերտ ենք համագործակցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կառույցների հետ: Նաև ուզում եմ ասել, որ այսօր շատ կարևոր է միջազգային հանրության մոտ բարձրացնել այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը»,- ասաց Այվազյանը՝ վստահեցնելով, որ ԱԳՆ-ն այդ առումով աշխատում է հետևողականորեն: Նա նաև շեշտեց, որ ապրիլի 24-ին ԱԳՆ նախաձեռնությամբ բացվեց «Արցախ. վտանգված ժառանգություն» ցուցահանդեսը, որն այցելել են ՀՀ ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ: