Ապրիլի 26-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է բարոնուհի Քերոլայն Քոքսին։ Բարոնուհին խոսել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրավախախտ վարքագծի մասին միջազգային տարբեր հարթակներում իր կողմից բարձրաձայնելու, ինչպես նաև ծանր պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն արձանագրելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտության մասին:
Սերգեյ Ղազարյանն իր խոսքում ևս անդրադարձել է հետպատերազմական Արցախում առկա խնդիրներին ու պատերազմի հասցրած ծանր հետևանքներին, ընդգծել, որ ներկա փուլում հումանիտար առաքելություններից բացի շատ ավելի կարևոր է Արցախում բնականոն կյանքը վերականգնելու գործընթացը։
Արցախի ներկայացուցիչը նաև տեղեկացրել է բարոնուհուն, որ Գերմանիայի մեր հայրենակիցների կողմից Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնին նվիրաբերված հաշմանդամներին տեղափոխելու համար նախատեսված երկու Ford մակնիշի մեքենաները առաջիկա օրերին Արցախում են լինելու։
Հանդիպման վերջում բարոնուհին Արցախի ներկայացուցչին է հանձնել 44-օրյա պատերազմի ընթացքում իր կողմից իրականացրած փաստահավաք առաքելության հիման վրա թողարկված «Հայերի դեմ թուրք-ադրբեջանական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղում» աշխատությունը, որը 1993-ին թողարկված «Էթնիկ զտումները շարունակվում են․ պատերազմ Լեռնային Ղարաբաղում» աշխատության շարունակությունն է։