Մեկնարկել է Երևանը Կոտայքի մարզին կապող, այսպես ասած, «Կորեայի ձորի» կամրջի շինարարությունը:
Ի սկզբանե նախատեսված էր ամրացնել ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող կամուրջն ու նոր երթևեկելի գոտի կառուցել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կամրջային կառուցվածքի հիմքերը վթարային վիճակում են, ուստի որոշվել է հիմնովին նոր կամուրջ կառուցել:
«Փաստացի պետք է կամուրջն ամբողջությամբ քանդենք և նորից կառուցենք: Գոյություն ունեցողը հիմա 4 մ է, դառնալու է 8 մ երթևեկելի մասը, լինելու են նաև երկկողմանի մայթեր»,- ասում է Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն Մինաս Մինասյանը:
«Կորեայի ձորի» այս կամուրջը Դավթաշենը ուղիղ կապով միացնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին և միաժամանակ հնարավորություն է տալիս գնալ դեպի Կոտայք ու Արագածոտն: Աշտարակ կամ Զովունի գնալու համար վարորդներն այս կերպ շրջանցում են Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, որոշակիորեն՝ նաև Դավթաշեն վարչական շրջանները:
Կամրջի հիմնանորոգման համար համայնքային բյուջեից 62 մլն դրամ է հատկացվել: Աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա աշնանը: