Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ:
Ողջունելով իր լիտվացի գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Արա Այվազյանը խորհրդանշական համարեց, որ նախարար Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի տարում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի շուրջ:
«Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և համակրանքի, ինչպես նաև ընդհանուր արժեքների վրա: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք զարգացրել ենք բարձր մակարդակի արդյունավետ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում: Մենք հանձնառու ենք խորացնելու և ընդլայնելու փոխադարձ հետաքրքրության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը։ Մեր ժողովուրդների միջև բարեկամությունն արտահայտվել է նաև COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում, և մենք գնահատում ենք Լիտվայի կողմից մեր երկրին ցուցաբերված աջակցությունը»,- նշեց Արա Այվազյանը:
Նախարարները շոշափեցին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը:
Հանդիպման առանցքային թեմաներից էին նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերը: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերը: ԱԳ նախարարները համակարծիք էին Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, ԼՂ հակամարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտության շուրջ:
«Հայ ժողովուրդը դեռ շարունակում է առերեսվել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիայից բխող մարտահրավերների: Մեր տարածաշրջանն արժանի է ավելի լավ ապագայի, և այդ նպատակով միջազգային հանրությունն ունի իր դերակատարումը»,- ընդգծեց Արա Այվազյանը:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրն առավոտյան նախարար Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին: