Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց, Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյանի հետ:
Արա Այվազյանն առանձնահատուկ կարևորել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին որպես Լիբանանի նախագահի անձնական ներկայացուցիչ նախարարի այցի խորհուրդը՝ ի նշան Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու Լիբանանի հաստատակամության, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամության։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Լիբանանի Հանրապետության Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորել են լիբանանահայ համայնքի ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:
Անդրադարձ է կատարվել լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: