Մեր պատվիրակությունն իր առաջ դրած խնդիրը կատարել է, այն է՝ շարունակել մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, մասնավորապես, ԵԽԽՎ շրջանակներում, և այսպիսով փորձելով հասնել մեր խնդրի լուծմանը՝ հայտարարեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ վերջին լիագումար նիստի օրակարգում հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցի ընդգրկմանը: Հիշեցնենք՝ նաև ԵԽԽՎ մոնիթորինգի կոմիտեն էր հայտարարություն ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով վերադարձնել հայ գերիներին:
Ռուբինյանն ասաց, որ ԵԽԽՎ նստաշրջանում նաև գործադիրի մակարդակով են այս թեմայով հնչել հայտարարություններ: «Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին: Եվ մեր տղաների վերադարձին հասնելու միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է: Իսկ միջազգային ճնշում ասելով նկատի ունեմ լայն գործընթաց, որը չի սահմանափակվում մեկ-երկու քայլով կամ մի քայլերով մի տեղում: Սա համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր երկկողմ հարաբերություններում, և ես վստահ եմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի հասնել մեր նպատակին»,- ասաց Ռուբինյանը:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից Տաթևիկ Հայրապետյանն էլ կարևորեց ռազմագերիների օր առաջ ազատ արձակման համար միջազգային ճնշման առումով խորհրդարանական դիվանագիտության հարթակների օգտագործումը: «Գերիների վերադարձի համար այդ քայլերը պետք է լինեն համառ, և պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ալիևի համար գերիներին օր ավել պահելը լինի գլխացավանք»,- ասաց նա: