Շատ կարևոր է, որ առկա մի շարք խնդիրների շուրջ Հայաստանն ու Ադբեջանը վերսկսեն բանկացությունները՝ այսօր հայտարարեց Ֆրանսիայի արտաքին ու եվրոպական գործերի պետքարտուղարը։ Առանց փակագծեր բացելու՝ Ժան-Բատիստ Լըմուանը «Լուրերի» հարցին ի պատասխան վստահեցրեց՝ որպես Մինսկի խմբի անդամ՝ Ֆրանսիան աշխատում է երկու կողմերի հետ էլ։
Ժան-Բատիստ Լըմուան, Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի պետքարտուղար - Միսնկի խումբը միշտ իր պատրաստակամությունը ցուցաբերել է աշխատելու կողմերի հետ, այս հարցի հետ կապված մենք բազմաթիվ քննարկումներ ենք նախաձեռնել, որ հնարավորինս կարճ ժամանակում բանակցությունները նորից վերսկսվեն։ Այս առնչությամբ շատ բան է ասվել, հիմա ես կնախընտրեմ մանրամասներ չներկայացնել։
Ցեղասանության զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստան ժամանած ֆրանսիացի պաշտոնյան հատուկ ընգծեց Ադրբեջանում պահվող հայ գերիների հրատապ վերադարձի անհրաժեշտությունը։ Լըմուանը հղում արեց դեռ ապրիլի 13-ի միջնորդների հայտարարությանը, որում Միսնկի խումբը համանախագահող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դիվանագետները կողմերին հիշեցրել էին դեռ չլուծված խնդրիների մասին ու որպես երկարաժամկետ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման նախապայման նշել նաև բոլոր ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձի հարցը։ Իսկ ի՞նչ լծակներ ունի այս հարցում ֆրանսիական կողմը՝ «Լուրերը» հետաքրքվեց բարձրաստիճան պաշտոնյաից։
Ժան-Բատիստ Լըմուան - Ֆրանսիան, որպես Միսնկի խմբի համանախագահող երկիր, հնարավորություն ունի բանակցելու տարբեր դերակատարների հետ։ Տևական խաղաղության համար անհրաժեշտ է կիրառել բոլոր միջոցները։ Դա, առաջին հերթին, ենթադրում է լարվածության թոթափում, որից հետո միգուցե հասունա հաշտության պահը։ Ես սա ասում եմ, քանի որ մեր տառապանքը փորձ ունի, նկատի ունեմ Գերմանիայի հետ հարաբերությունները 20-րդ դարասկզբին։ Բայց մինչև այդ ամենը մեծ աշխատանք պետք է կատարենք։
Պետքարտուղար Լըմուանը հիշեցրեց, որ այս ուղերձ դեռ հունվարին փոխանցել է Ադրբեջանի նախագահին։ Ֆրանսիացի պաշտոնյան կրկին շեշտում է՝ անհրաժեշտ է գտնել լարված իրավիճակը հանդարտեցնելու բոլոր գործիքները։
Ժան-Բատիստ Լըմուան - Ընտանիքները չափազանց շատ են տառապել, վիշտը մեծ է, ցավը՝ խոր։ Պետք է, առաջին հերթին, թուլացնենք ցավի չափաբաժինը։ Բայց ինչպես Ֆրանսիայում կասեին՝ եղունգիս նայելով, ճկույտս ինձ հուշում է, որ սա հաստատ իմ վերջին այցը չի լինելու Հայաստան, ես նորից պիտի գամ, գործերը շատ են։
Ժան-Բատիստ Լըմուանն օրերս հանդիպել է Ադրբեջանում պահվող ռազմագերիներից 5-ի ընտանիքի հետ, այցելել Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված ֆրանսիական համալսարանի ուսանողների հիշատակին։
Պետքարտուղարն այսօր անդրադարձավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած Արցախի տարածքներում գտնվող մշակութային հուշարձանների պահպանման հարցին։ Նրա խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի վերջին նիստի ժամանակ Ֆրանսիան հստակ ընդգծել է իր դիրքորոշումը և հույս հայտնել, որ կազմակերպության մասնագետներին վերջապես կհաջողվի առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղի տարածք։