Արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, գերիների խնդրի, պանթուրքիստական երազանքների ու այս ամենին Եվրոպայի վերաբերմունքի մասին Լիլիթ Գասպարյանը զրուցել է Եվրոպայի խորհրդի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի հետ:
Լիլիթ Գասպարյան (լրագրող) - Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կամ մնացած Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքները վտանգված են, ավելին՝ վերացման շեմին են, և դուք այդ մասին բազմիցս բարձրաձայնել եք, այդ թվում՝ անդրադարձել նաև ձեր ենթակոմիտեի նիստում։ Ցավոք, նույնը միջազգային հանրության ու համապատասխան կառույցների մասին ասելն անհնար է։ Ինչո՞վ է պայմանավորված այս անտարբերությունը, ու ի՞նչ անել ուշադրություն հրավիրելու համար։
Նատալի Լուազո (ԵԽ պատգամավոր, անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի նախագահ) - Աշխարհն անցնում է ճգնաժամերի միջով, և Covid-19 համավարակը սկսվելուց հետո այն ավելի անվտանգ ու հաստատուն չի դարձել: Ճիշտ հակառակը՝ ավելի անկայուն է դարձել։ Ավտորիտար ռեժիմներն ու բռնապետները, ինչպես շախմատում է արվում, առիթն օգտագործեցին իրենց օրակարգն առաջ մղելու համար: Եվ երբեմն, երբ միջազգային հանրությունը գրեթե հուսախաբ է լինում ճգնաժամերի և բախումների մասշտաբներից, կամ երբ բախումների մասին է մտածում, սկսում է անդրադառնալ մարդասիրական գործողություններին: Որոշ առումով ճիշտ է իհարկե, միջազգային հանրությունը մտածում է քաղաքական կարգավորման, հրադադարի մասին, բայց մոռանում է, որ համայնքային, էթնիկ, ազգային լարվածության մեջ մշակութային բաղադրիչը կարևոր է, քանի որ համայնքի մշակութային ժառանգությանը վնասել կամ թույլ տալ, որ դա տեղի ունենա, նշանակում է մասնակցել էթնիկ զտման նախաձեռնությանը: Ուստի հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանումն առաջնահերթություն է: Այն պետք է առաջնահերթություն լինի նաև ԵՄ-ում։
Լիլիթ Գասպարյան - Ադրբեջանը մերժում է իրագործել իր իսկ ստորագրած հրադադարի հայտարարության՝ ռազմագերիներին վերաբերող կետը, և հայ ռազմագերիներին ու գերիներին չի վերադարձնում՝ ասելով, թե իբր նրանք ահաբեկիչ են։ Մինչդեռ Հայաստանն անհապաղ վերադարձրեց բոլորին՝ ներառյալ պատերազմից առաջ գերեվարված դիվերսանտներին։ Ի՞նչ դիրքորոշում ունի ԵԽ-ն այս օրհասական հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
Նատալի Լուազո - Կցանկանայի, որ ԵՄ-ն հավատարիմ մնա այն ամենին, ինչ կարող է անել: ԵՄ-ն չի կարող ամեն ինչ անել: Բայց կան բաներ, որ կարող է և պետք է անի: Օրինակ՝ և դուք դա շատ ճիշտ մատնանշեցիք, ռազմագերիների լիարժեք և ամբողջական վերադարձը` անկախ կերպով, սեփական կարողություններով ցուցակագրել, թե ովքեր են դեռևս պահված և մասնակցել փոխանակումներին: Օրինակ՝ դա անել՝ համագործակցելով ԿԽՄԿ-ի նման միջազգային կազմակերպությունների հետ, որոնց ամենաուժեղ կողմերից մեկն է կարևոր այս հարցը: Կցանկանայի, որ մենք ակտիվ լինեինք այս տեսանկյունից և մարդասիրական օգնություն ցուցաբերեինք բոլոր հակամարտություններում, երբ դա անհրաժեշտ է, քանի որ դա այն ոլորտն է, որտեղ մենք փորձ ունենք: Եվ, իհարկե, կցանկանայի, որ մենք ակտիվ լինեինք այլ դերակատարների հետ համագործակցության հարցում, ինչպիսիք են, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ գնանք ցուցակագրենք մշակութային ժառանգությունը և ապահովենք դրա պահպանումը:
Լիլիթ Գասպարյան - Ալիևը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, և դրա նոր դրսևորումն է Բաքվում բացված այսպես կոչված պուրակը՝ նվիրված հայկական կողմից խլված ռազմավարին։ Տեսե՞լ եք արդյոք այդ ռազմավարի պուրակի նկարները և եթե այո՝ ապա ի՞նչ զգացում ունեք, ի՞նչ մտածեցիք առաջինը։
Նատալի Լուազո - Այո՛, տեսել եմ լուսանկարները, դրանք խորապես ցնցող են: Չկա խաղաղություն՝ առանց արդարության և առանց հարգանքի կռվող կողմերի միջև: Ես կոչ եմ անում Հայաստանին, Ադրբեջանին և նրանց, ովքեր սատարում են երկու կողմերին՝ դադարեցնել ատելություն պարունակող, լարվածություն առաջացնող ցանկացած նախաձեռնություն, և հակառակը՝ գնալ մարդկանց նկատմամբ հարգանքի ուղով: ԵՄ-ն էլ, իհարկե, իր խոսքը պետք է ասի, քանի այս երկու երկրներն Արևելյան գործընկերության անդամ են։
Լիլիթ Գասպարյան - Թուրքիայի դերն ու մասնակցությունը 44-oրյա պատերազմում անհերքելի էր ու շատ տեսանելի։ Դուք՝ որպես պաշտպանության և անվտանգության ենթահանձնախմբի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի քայլերը Հարավային Կովկասում։ Արդյոք ԵԽ-ն ու առհասարակ ԵՄ-ն գիտակցո՞ւմ են տարածաշրջանի գլխին կախված սև ամպերի վտանգը։
Նատալի Լուազո - Միջազգային ասպարեզում Թուրքիայի պահվածքը խոր մտահոգության տեղիք է տալիս Եվրախորհրդարանին, որի հետ նա գործ է ունեցել մի քանի առիթներով: Դուք խոսեցիք Հարավային Կովկասի մասին, մենք կարող ենք նաև խոսել այն մասին, թե ինչ է կատարվում այսօր Լիբիայում՝ զենքի մատակարարման կասկածներ, չնայած Լիբիայում հրադադար է և քաղաքական հաշտեցման փորձ: Մենք տեսնում ենք նաև Սիրիայի տարածքում Թուրքիայի գործողությունները, որոնք միայն ևս մեկ ռազմական տարր են ավելացնում ավելի քան տասը տարվա պատերազմից տուժած երկրին: Մահոգությունս այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ենթադրվում է, որ այն գործընկեր է, որը պետք է կիսի ՆԱՏՕ-ի Կանոնադրության արժեքները: Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է, և ենթադրվում է, որ այն պետք է ավելի մոտենա ԵՄ արժեքներին, բայց իրականում, և արդեն տևական ժամանակ է, ինչ Թուրքիան հեռանում է դրանից: Ես ձեզ հետ խոսում եմ գաղութային անցյալ ունեցող մի երկրից՝ Ֆրանսիայից, որը երազում էր կայսրության մասին, որը նախ իրագործեց այդ երազանքը և այնուհետև, ապրելով դժվարին ճանապարհը, հասկացավ, որ պետք է հարգել ժողովրդի կամքը: Կցանկանայի ասել մեր թուրք ընկերներին, քանի որ մենք շատ ընկերներ ունենք Թուրքիայում, և կան Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր իրենց խորապես եվրոպացի են զգում, որ թույլ չտան նույն սխալը, որը մենք թույլ ենք տվել անցյալում: Մի՛ ապրեք Օսմանյան կայսրության կարոտով ու երազներով, քանի որ դա ձեզ ոչ մի օգուտ չի տա: Չենք կարող մեր ներկայությունը պարտադրել այն ժողովուրդներին, որոնք դա չեն ցանկանում:
Լիլիթ Գասպարյան - Մտահոգությունների մասին միշտ է բարձրաձայնվում, նույնիսկ ամենաշատը հենց Եվրախորհրդարանում է խոսվում, բայց երբ հերթը հասնում է պատժամիջոցներին, տարակուսանքները գլուխ են բարձրացնում։ Ինչպե՞ս մեկնաբանել դա։
Նատալի Լուազո - Տեսանք, որ Եվրոպան այդ հարցում միասնական չէ, ինչի համար իսկապես ցավում եմ։ Այնուամենայնիվ, պատժամիջոցների գործիքը կախարդական փայտիկ չէ, և մենք պետք է զգույշ լինենք, որ ինքներս մեզ չհամոզենք, թե պատժամիջոցների որոշում կայացրեցինք և վերջ՝ մեր գործն արեցինք, խնդիրը լուծված է։ Հիմնախնդիրներին արմատական լուծում տալու համար անհրաժեշտ է երկխոսել: Ես կողմ եմ Թուրքիայի հետ երկխոսությանը, ինչպես կողմ եմ երկխոսությանը բոլոր այն երկրների հետ, որոնց հետ տարաձայնություններ ունենք: Բայց երկխոսություն, որտեղ ինքներս մեզ հարգում ենք, և որտեղ հարգում են մեր արժեքներն ու շահերը: