ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, որ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հենց այսօր է հայտարարել իր հրաժարականի մասին, քանի որ այսօր Քաղաքացու օրն է:
«Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր: Բայց կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը: Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ այսօրվա ուղերձում չի ուզում անդրադառնալ 2018 թվականից ի վեր ունեցած հաջողություններին ու ձախողումներին, հաղթանակներին ու պարտություններին: Վարչապետի խոսքով՝ այդ թեմաների մասին բազմիցս խոսել է, և առաջիկա նախընտրական շրջանը նման բազմաթիվ առիթներ տալու է:
«Այս պահին ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, թե ինչու ենք անհրաժեշտ համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: 2020 թվականին մենք անցել ենք աղետալի իրադարձությունների միջով: Կատարվածի պատճառների, հիմքերի, լուծումների մասին արտահայտվել են գրեթե բոլորը՝ քաղաքական ուժերը, կառավարության անդամներ, մտավորականներ, հոգևորականներ, հասարակական կազմակերպություններ, ոչ ֆորմալ խմբեր:
Միակ սուբյեկտը, որը կարծիք արտահայտելու ինստիտուցիոնալ հնարավորություն չի ունեցել` ժողովուրդն է, և ուրեմն՝ ժողովուրդը պետք է իր խոսքն ասելու, անցյալի ու ներկայի վերաբերյալ գնահատականներ տալու և ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Արտահերթ ընտրություններն անցկացվում են՝ այդ հնարավորությունն ստեղծելու համար: 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը առաջարկել եմ դեռևս 2020 թվականի վերջին: Բայց մի շարք ուժերի կողմից այն մերժվում էր, որովհետև արտահերթի գաղափարը մերժող այդ շրջանակները համարում էին, թե իշխանության ճակատագիրը պետք է որոշվի չակերտավոր էլիտար փակ սենյակներում, և ժողովուրդը պետք է մեկուսացված լինի այս գործընթացից:
Այդ ուժերը նման մոտեցում ցուցաբերում էին ոչ միայն այն պատճառով, որ հասկանում են, որ Հայաստանում իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի կողմից վստահության արժանանալու որևէ հնարավորություն չունեն, այլև նրանց քաղաքական հավատամքն է, որ գազելներով ու վարչական լծակներով ընտրատեղամասեր քշվող ժողովուրդը պետք է ընդամենը արձանագրի չակերտավոր էլիտայի կողմից կայացված որոշումները:
Մեր հավատամքը, սակայն, բոլորովին այլ է. ժողովրդի ազատ կամարտահայտությունը իշխանության և ինքնիշխանության միակ աղբյուրն է, և իշխանության հետագա ճակատագիրը պիտի որոշի միայն ու միայն, բացառապես ժողովուրդը, և ինձ համարում եմ այս հնարավորության և իրավունքի երաշխավորը»,- իր ուղերձում հայտարարեց վարչապետը: