Նրանք հարազատ զավակներ չունեցան, բայց դարձան հազարավոր որբերի երկրորդ կյանք պարգևած մայրերը՝ Քարեն Եփփե, Բոդիլ Բյորն, Ալմա Յուհանսոն, Հեդվիգ Բյուլ և Մարիա Յակոբսեն:
ՀԱՏՎԱԾ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ» ՖԻԼՄԻՑ - Տասը տարեկան փոքրիկ աղջկա գտա ախոռում, քարերին ընկած քնել էր, շատ տկար էր, աչքերը ցրտից այտուցվել էին: Ես նրան մի կնոջ մոտ տարա, բայց շատ ուշ էր, մահացավ...
Մասնագիտությամբ բժշկուհի Մարիան մանկական հիվանդանոցի փոքրիկներին խնամելու փոխարեն թողեց Դանիան, 1907-ին հասավ Խարբերդ: Ամենուր հայերի դաժան սպանությունների տեսարաններից չխելագարվելու համար Յակոբսենը սկսում է լրացնել իր 12 տարի ձգվող օրագիրը:
ՀԱՏՎԱԾ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ» ՖԻԼՄԻՑ - Մինչև անցած գարուն 5000 հոգու էինք խնամում, Խարբերդում և Մեզրեում փոքրիկներ ունեինք, որոնց բերել և խնամում ենք, բայց երբ միսիոներները և ամերիկացիները մեկնեցին, մենք դադարեցինք նրանց խնամքն ապահովել: Նրանցից բացի, ամեն օր 4-5 հազար հոգու հաց ենք հասցնում:
Իսկ այդ հացն ընդամենը 200 գրամ ցորենի բաժինն էր ամեն մեկին: Մարիայի ձեռքին դեղամիջոցներից բացի ֆոտոխցիկ էլ կար: «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպությանն անընդհատ զեկուցում էր Թուրքիայում հայերի հալածանքների ու միսիոներների տներում մահից թաքնվող հարյուրավոր հայերի մասին: Եթե Հայոց ցեղասպանության մասին որևէ վկայություն անգամ չլիներ, միայն այս 600 էջի ահասարսուռ լուսանկարներում է Թուրքիայի իրական՝ ցեղասպան դեմքը:
Իր հայրենի Դանիայում փրկվեց նաև օրգանիզմը քայքայող տիֆից, հետո Միացյալ Նահանգներում դրամահավաք կազմակերպեց՝ ծնողներից ու հայրենիքից զրկված փոքրիկների համար, բայց նրանց մոտ վերադառնալ Թուրքիան այլևս թույլ չտվեց: 1920-ականներին փակվում էին մանկատները, ու երեխաներին կրկին սպանդ էր սպառնում: Յակոբսենը 200 հայ երեխայի հետ հասնում է Լիբանան, Բեյրութի մոտ հիմնում «Թռչնոց բույն» մանկատունը: Փրկված հայ երեխաները դարձան «թռչնակներ», որոնց համար Մամա Յակոբսենը միշտ քաղցրավենիք ուներ:
Մահից հետո էլ «Թռչնոց բույնի» բակում Մարիայի աճյունի մոտ են հասցնում նրա «թռչնակների» ոտնահետքերը։ Այս ոտնահետքերը ցրվեցին աշխարհով մեկ՝ շարունակելով կարգապահ, մաքուր, նույնիսկ՝ բարեգործ երեխաների կրթելու առաքելությամբ:
Հուշերում երեխաները նշում են, որ նրա կարևոր առաքելությունը հայ երեխաներին հայ մեծացնելն է ու միշտ ընթրիքին երեխաներին հիշեցրել է՝ հիշե՛ք՝ դուք հայ եք ու հայ պիտի մնաք:
Հայ փոքրիկների մայրիկը, մահից 10 տարի առաջ՝ 1950-ին, դարձավ առաջին կինը, որ մարդասիրական առաքելության համար պարգևատրվեց Դանիայի ոսկե մեդալով։ Մարդասիրության այդ շղթան շարունակեց նաև Լիբանան հասած Յակոբսենի հարազատ քույրը՝ Աննան: Աննա էր նաև Մարիա Յակոբսենի որդեգիր աղջկա անունը: Նրա որդեգիր, Էջմիածնի Մայր տաճարի արքեպիսկոպոս Տեր Հուսիկ Սանթուրյանը ևս կյանքը եկեղեցուն նվիրելուց բացի որդեգրեց որբացած մի աղջկա:
Աննան էլ չհասցրեց մայրիկին հրաժեշտ տալ, փոխարենը «Թռչնոց բույնի» սաների օժիտը՝ նրանց ձեռքով ասեղնագործած շապիկը, մայրիկի անձնական իրերից, հետը հասցրեց Օձուն գյուղ, Յակոբսենի նման երեխաների խնամելու առաքելությամբ:
Հայկական եկեղեցիների բակերում հուղարկավորում են միայն միանձնուհիների կամ քահանաների կանանց։ Օձունի ամենածեր եղևնու ստվերի տակ աշխարհիկ կյանքից այստեղ հասած Աննա Հաբեշյանի շիրիմը բացառիկ է: Նրան այստեղ ամփոփելու թույլտվություն է տվել անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը:
Աստվածաշնչյան անուններով զույգի մասին Օձունի նոր նշանակված հոգևոր հովիվը պատմում է՝ գյուղի միակ մանկապարտեզը չի տեղավորել բոլոր փոքրիկներին, Աննան մտահոգվել, որոշել է սեփական հարկի տակ բացել անվճար «տնային մանկապարտեզ»: Գյուղում հարևաններն էլ ոգևորվում, մեր տեսախցիկն ուղեկցում են իրենց մանկության խնամքի առաջին հասցե:
Աննա Հաբեշյանի անունով 88-ի երկրաշարժից հետո գյուղում նոր մանկապարտեզ կառուցվեց։ Մի շնորհակալություն էլ Յակոբսենի հարկի տակ ապրած սանից էր՝ Վարդան Մելքոնյանի սիմֆոնիան՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նվաճեց Լոնդոնը: Իր և շատ այլ հայերի ճանաչած միակ դանիացի մոր անունով է սիմֆոնիայի՝ «Հրաժեշտ Մարիային» հատվածը: