Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի կառավարական պատվիրակությանը՝ ապրիլի 24-ին Հայաստանի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: «Ձեր այցը հայ և կիպրոսցի ժողովուրդների դարավոր բարեկամության ու համերաշխության վառ վկայությունն է: Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ երկու երկրներն ունեն ընդհանուր արտաքին մարտահրավերներ, և Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ գործընկերության խորացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության:
Նախարար Պետրիդեսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Կիպրոսի նախագահի ողջույնները և պատիվ համարել խորհրդանշական այս օրը Հայաստանում լինելը, բարեկամ հայ ժողովրդի հետ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչելը: «Մեր ժողովուրդներն ունեն պատմականորեն ձևավորված սերտ կապեր, ընդհանուր մարտահրավերներ, և մենք հետաքրքրված ենք խորացնելու հայ-կիպրական համագործակցությունը»,- նշել է Կիպրոսի պաշտպանության նախարարը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգության հարցերի շուրջ:
Վարչապետն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին և հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթություն է շարունակում մնալ հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձը, որոնց Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին: Նախարար Պետրիդեսը Կիպրոսի զորակցությունն է հայտնել Հայաստանին այս գործում:
Կողմերը համակարծիք են եղել, որ ներկայիս իրողությունների և աճող մարտահրավերների պայմաններում պետք է ակտիվ աշխատել՝ բազմաոլորտ գործընկերություն ձևավորելու ուղղությամբ: Քննարկվել են պաշտպանության, կրթության, տեխնոլոգիաների, ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, հայ-կիպրական համաժողովի անցկացմանը, զբոսաշրջային կապերի խթանմանը, օդային ուղիղ հաղորդակցության հաստատմանը, նաև դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու կարևորությանը վերաբերող հարցեր: