Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին, մենք գլուխ ենք խոնարհում մեր 1.5 միլիոն նահատակների հիշատակի առաջ՝ վերհիշելով այն տառապանքներն ու հայրենազրկումը, որի միջով անցավ մեր ժողովուրդը:
Այս օրերին Ցեղասպանության իրողությամբ պայմանավորված՝ հարյուր հազարավոր հայեր, որոնք հայտնվեցին աշխարհի տարբեր երկրներում, և Հայաստանի ու Արցախի հայությունը, առավել քան երբևէ, միասնական են իրենց հավաքական հիշողությամբ:
Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք համոզված ենք` ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն է միակ լուծումը ներկայում և ապագայում նման ողբերգություններից մարդկությանը զերծ պահելու համար: Շնորհիվ հայության հավաքական ներուժի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ՝ մնալով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում:
Եվս մեկ անգամ իմ խոնարհումն եմ բերում մեր անմեղ զոհերի հիշատակին: Խաղաղություն նրանց տառապած հոգիներին»,- ասված է ուղերձում: