Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ողջունել է նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը:
«Որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, պատիվ ունեմ փոխանցելու ԱՄՆ կոնգրեսի ողջույնները հայ ժողովրդին` հիշատակի այս կարևոր օրվա առթիվ։ 106 տարի առաջ այս օրն աշխարհն ականատես եղավ 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկին՝ Օսմանյան կայսրության կողմից ավելի քան 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համակարգված սպանություններին:
Դժբախտաբար, շատ հաճախ, այս հանցագործության ճշմարտությունը հերքվել է և դրա հրեշավորությունը նվազագույնի հասցվել։ Եվ ահա թե ինչու, մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը, միանալով Կոնգրեսին, պատմական քայլ է կատարել՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ 2019 թ. Կոնգրեսն օրենսդրություն ընդունեց, որով հայտարարեց, որ հայերի հանդեպ իրականացրած բարբարոսությունը Ցեղասպանություն է:
Շնորհակալություն եմ հայտնում ամերիկահայ համայնքից շատերին, այդ թվում՝ կոնգրեսականներ Աննա Էշուին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փըլլոնին, Ջեքի Սփիրին, ովքեր իրականություն դարձրին այս օրը։
Եվ մենք մեծապես երախտապարտ ենք նախագահ Բայդենին՝ իր առաջնորդության համար։ Մեզանից յուրաքանչյուրը բարոյական պարտավորություն ունի հիշելու ճշմարտությունը և ճանաչելու այս դաժանությունը, ինչպիսին որ այն եղել է, որովհետև եթե մենք անտեսում ենք պատմությունը, ապա մեզ վիճակված է ականատեսը լինելու անցյալի սարսափների կրկնությանը։ Այսօր և միշտ, մենք հարգում ենք զոհերի և վերապրածների հիշատակը:
Խոստանում ենք ամուր կանգնել բռնության և մոլեռանդության դեմ, որտեղ էլ որ դա տեսնենք: «Եվ մենք պարտավորվում ենք կառուցել հույսի, խաղաղության և ազատության ապագա բոլորի համար»,- ասել է Փելոսին: