«Սարերը ծաղկած, ձորերը ծաղկած, զմրուխտ Իֆո ջան, սգո շորեր են հագած»: Կիլիկիացի Եղիշ Թարխանյանի ձոնն է սիրելի կնոջ հիշատակին: Նրանք Ցեղասպանության ճիրաններից դուրս պրծած բախտակիցներ էին: Եղիշն Ալաշկերտում է կորցրել ողջ ընտանիքը, Վարսենիկն էլ Մուշից էր փախել թուրքի սրից՝ կորցնելով ամուսնուն ու 5 երեխաներին:
Լիլիթ Խաչատրյան (Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ) - Երբ թուրքերը հարձակվել են, տատս երեք երեխաներին պահել է թոնրի մեջ, ամենափոքրին կապել է մեջքին, մյուսի ձեռքը բռնած՝ կտուրների վրայով փախել է խելակորույս: Գետի կողքին տեսել է երեք քույրերին՝ սպանված: Օրերով անոթի թափառելուց հետո նկատել է, որ մեջքին կապած երեխան մահացել է: Այդպես քաղցից երկու երեխային էլ կորցրել է:
Լիլիթ Խաչատրյանը վերջին տարիներին սկսել է հավաքել ցեղասպանության արհավիրհքներից փրկված թե՛ մայրական և թե՛ հայրական տատիկ-պապիկների անցյալի մասին տեղեկություններ՝ մնացած հուշամատյաններից: Փրկության նավը երկուսին էլ հասցրել էր Կրասնոդար: Ամուսնանալուց հետո տեղափոխվել են Երևան, որտեղ էլ ունեցել են 5 երեխա: Նույնիսկ կարողացել են ետ գնալ ու գտնել Վարսենիկի փոքր եղբորը, որին աղջկա հյուսքեր արած թողել էին քրդերի մոտ, որ թուրքը ձեռք չտար:
Լիլիթ Խաչատրյան - Յոթ տարի հետո գնացել են, գտել ու, ինչպես պատմում էին, խուրջինի մեջ թաքցրած բերել են Հայաստան:
Անցյալի մասին չէին խոսում, փոխարենը կորստի ցավի մասին պատմում էին սգացող տատի աչքերը՝ պատմում է Լիլիթը: Նա հիշում է՝ Վարսենիկ տատը միշտ սև գլխաշորով էր ու շատ քիչ էր խոսում, աչքերն էլ փայլում էին արցունքներից: Չնայած Եղիշի մայրը բուժել էր պաշտոնավոր թուրքի տղային ու ի նշան երախտագիտության ստացել էր այսպես կոչված «թարխանագիր»՝ իբրև թե անվտանգության երաշխիք, բայց օրը եկել է, ու դա մոռացվել: Եղիշ պապից խլել են բոլոր հարազատներին՝ քրոջն ու երկու եղբայրներին:
Լիլիթ Խաչատրյան - Ունեցել է մեկ տղա՝ Խանամիր անունով, հղի կնոջն ու աներոջը սպանել են, վարժապետին, որ յոթ լեզու գիտեր, մաշկազերծ են արել և թեփով լցված կախ տվել սրի ծայրին և ի ցույց դրել բոլորին: Պապս շատ ցավ է տեսել, դրա համար էլ այդ ամեն ինչից հետո աթեիստ էր դարձել, չէր հավատում Աստծուն:
Մայրական կողմից Վանեցի Արաքսյա տատն ու Կարսեցի Մովսես պապն Արևմտյան Հայաստանից գաղթելուց հետո հայտնվել էին Թիֆլիսում: Լիլիթը հիշում է, որ տատի բոլոր պատմություններում Մադամն էր՝ դաստիարակը, որ փրկել էր իրեն, հասցրել Էջմիածին: Մոր մահվանից հետո պահել, մեծացրել, ուսման էր տվել: Երեք քույրերին թուրքերը գողացել էին չափազանց գեղեցիկ էին, իսկ Արաքսյային եղբայրը գտել ու տարել էր Թիֆլիս:
Լիլիթ Խաչատրյան - Եղբայրն ամեն առավոտ հաց է գնել ու բաժանել քաղցածներին, իսկ հաց վաճառողը պապս է եղել: Պապս Կարսից է փախել, փախուստի պահին մայրն ու հայրը մնացել են քարաթափի տակ, ինքն ու եղբայրը փրկվել են:
Մի մասը մորեղբոր պատմածներով, մյուսն էլ տատ-պապերի թողած հուշագրերով մասնիկ առ մասնիկ, Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքի անդամները հավաքագրում են հարազատների մասին փաստեր ու հիշողություններ, որ հաջորդ սերունդներն էլ երբեք չմոռանան, որ այժմ Թուրքիա կոչվող Արևմտյան Հայաստանը հայի արյան ծովեր տեսած, բայց, միևնույն է, հայի հող է, ասում է Լիլիթը: