Այսօր մենք ոգեկոչում ենք 1.5 միլիոն հայերի հիշատակը. կանանց, երեխաների, ծերերի, որոնք սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին և քրիստոնյա: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի՝ ԶԼՄ-ների համար նախատեսված հայտարարության ժամանակ:
«Այսօր 106-րդ տարելիցն է այդ իրադարձությունների, թեև մեկ տարով չի սահմանափակվել այդ ոճրագործությունը: Այսօր նաև 20-րդ տարեդարձն է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և դատապարտման: Այդ գործընթացը նախաձեռնեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Ֆրանսիան առաջին պետությունն էր, որ հենց օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Խորհրդանշական է, որ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ սանձազերծված ագրեսիայից, պատերազմից հետո, պատերազմ, որը հանգեցրեց հսկայական մարդկային կորուստների և հումանիտար ծանր հետևանքներ առաջ բերեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար: Այս այցը մենք գնահատում եմ որպես համերաշխության և աջակցության հստակ ուղերձ մեր բարեկամ Ֆրանսիայի կողմից նաև այս համատեքստում: Մենք մեծապես գնահատում ենք պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային և անկողմնակալ դիրքորոշումը»,- հավելեց Արարատ Միրզոյանը:
ԱԺ նախագահը նաև հիշատակեց Ֆրանսիայի Սենատի կողմից 2020 թվականի նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ աջակցությամբ ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձևը, ընդգծեց՝ Ֆրանսիայի Սենատը առաջինն էր աշխարհի խորհրդարանների շարքում, որ ընդունեց Արցախի ճանաչման կոչով բանաձև՝ ներառելով շատ կարևոր և ազդեցիկ ուղերձներ: Սենատի այդ բանաձևին հաջորդեց Ֆրանսիայի ԱԺ ընդունած նմանատիպ բանաձևը:
«Բանաձևի մշակման և դրա կայացման համար ցուցաբերած սկզբունքայնության և համընդհանուր մարդկային արժեքներին իրենց հավատարմության համար երախտիքի խոսքեր եմ հղում Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին, Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին, Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կաներին, Ցենտրիստական խմբակցության նախագահ Էրվե Մարսելին, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասասիին, «Բնապահպանների» խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարին:
Այս բանաձևի ընդունումն, անկասկած, ունի կարևոր նշանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ամրապնդման հարցում, ինչպես նաև Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում՝ որպես արցախահայության անվտանգության կարևոր երաշխիք: Այն կարևոր սթափեցնող ուղերձ է ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ագրեսոր Ադրբեջանին և նրան ամեն կերպ աջակցող Թուրքիային:
Նախագահ Լարշեի և պատվիրակության անդամների հետ անդրադարձանք նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցին, որը գերխնդիր է մնում Հայաստանի համար: Այս հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է, որն ուղեկցվում է միջազգայնորեն փաստագրված հայատյացության ակնհայտ դրսևորումներով:
Իմ ֆրանսիացի գործընկերոջ և պատվիրակության անդամների հետ կարևորեցինք նաև Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հրատապ կարևորությունը: Առանձին անդրադարձ կատարեցինք նաև հայ-ֆրանսիական միջխորհրդարանական սերտ համագործակցությանը, որը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների հիմնասյուներից մեկն է»,- ասաց Արարատ Միրզոյանը: