Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Վերջինս Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:
Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր համար կարևոր է Ցեղասպանության 106-րդ տարելիցի և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակի կապակցությամբ գտնվել Հայաստանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա նախագահ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել նախագահ Մակրոնին՝ հայ ժողովրդի կողքին գտնվելու համար. «Այս նամակն ի ցույց է դնում այն բարեկամությունը, որ կա մեր երկրների ու ժողովուրդների միջև, այն վերաբերմունքը, որն ունի Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, որը մենք մեծապես գնահատում ենք: Ֆրանսիայի բարեկամությունը մենք զգացինք նաև պատերազմի ժամանակ, ականատեսը եղանք իրական բարեկամության դրսևորման և աջակցելու պատրաստակամության»:
Նախագահ Սարգսյանն ու պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու բարեկամ երկրները փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն:
Նախագահ Սարգսյանը խոսել է նաև Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա հետևանքների մասին՝ այս համատեքստում անդրադառնալով մարդասիրական խնդիրներին և առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի առաջնահերթ կարևորությունը: Նա նշել է, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության և իր բարեկամների աջակցությունը:
Նախագահ Սարգսյանն ու պետքարտուղար Լըմուանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: