Մարի տատիկն է, Եղեռնից դարից ավելի է անցել, և այն վերապրած միակ մարդը, որ ողջ է Հայաստանում, Մարի Կիրակոսյանն է: 113 տարեկան է, ապրում է Երևանում: «Լուրեր»-ի հետ զրույցում արտաբերած միակ պատգամն է եղել ՝ Մեզ չմոռանաք:
Մարի տատիկ - Իմ տեղը սիրում եմ, իմ տեղը:
Մարի տատիկն է՝ Եղեռնը վերապրած: Հայաստանում արդեն միակ մարդը: Նրա սիրելի անկյունը տանը՝ բազմոցին է, պատուհանի մոտ. դիմացը հեռախոսը, կողքին ժամացույցը:
Մարի տատիկ - Ժամացույցն իմ ընկերն ա (ծիծաղում է): Սիրում եմ ժամը քանիսը ըլլալը:
Սլաքները տատիկին կարևորը հուշում են՝ երբ դեղ խմել. 113 տարեկան է Մարի Կիրակոսյանը: Ականջներում ձայն կա, ճնշում ունի, ձեռքերը թմրում են: Առողջության, կյանքի մասին հարցերը վերև է ուղղում: Իր գաղտնիքը չեն:
Մարի տատիկ - Մենակ Աստված գիտե, մենք ո՛չ սրանից, ո՛չ նրանից...
Աղոթքը նրա դարմանն է գաղթի ճամփից, որ անցել է մոր ձեռքը բռնած: Ծննդավայր Քյոթահիայից հիշում է... հարևան փողոցում ապրած Կոմիտասի երգի ձայնը: Մնացածը, ինչ աչքին է գալիս, սարսափելի տեսարաններ են. գյուղերի վրա հարձակվող թուրքեր, կրի փոսի մեջ այրվող հայեր, գլխատված մարմիններ:
Մարի տատիկ - Մենակ էսենց տեսանք գլուխներ, գլուխներ՝ էս ինչ ա... էնդեղ մի հատ կնիկ նստած երեխային կաթ էր տալիս, էս թուրքը որ մի հատ ճիպոտով տվավ կնիկին՝ գլուխը մի յան գնաց, երեխան՝ մի: Այ, էտի տպված ա իմ մեջ...
Տատիկը Արցախյան վերջին պատերազմի մասին չգիտի: Թուրքերի հետ հաշտվելու հարցից խռովեց:
Մարի տատիկ - Թուրքերը բարիշե՞ք. այսօր բարիշեք՝ վաղը կռիվ կլինի: Չէ, չէ, չէ, թուրքերը շատ մարդիկ են, շատ մեռցրել են բոլորին:
«Չմոռանաք մեզ»՝ Ցեղասպանություն տեսած տատիկի խնդրանքն է... աշխարհին: Ով տուն է մտնում՝ ժամանակին իր ասեղնագործած թաշկինակը ձեռքին խոստում է կորզում:
Մարի տատիկ - էսի քեզի տալիս եմ, ինձի միշտ կհիշես:
Տատիկի օգնականը երկու թոռներն են: Նրանք են գալիս, խնամում, ուտելիք բերում: Աղջիկը, ասում է, չի կարողանում հաճախ այցելել մորը, բայց ճաշ ուղարկում է:
Սիրան Կիրակոսյան (Մարի Կիրակոսյանի դուստրը) - Ասում ա՝ սուպեր եփի, հարիսա, որ հեշտ կուլ տա:
Արամ Նազարեթյան (Մարի Կիրակոսյանի թոռը) - Օրը երկու անգամ գալիս եմ, ես եմ նայում, էլի:
Թեյ Մարի տատիկը չի սիրում, երբեմն սուրճ է խմում: Շատ քաղցրից չնայած վախենում է, մեկ-մեկ ուտում է: Ցերեկներն անցկացնում է հիմնականում ընտանեկան ալբոմը թերթելով. էսի մեծ աղջիկս ա, էսի փոքր աղջիկս ա, էսի ես եմ:
Սիրանը տղաների հետ գնա՝ տանը մնալու է Վարդուհու հետ մենակ: Շատ դժվար է: Միակ սփոփանքը օրվա վերջի հանգիստն է:
Մարի տատիկ - Բացում եմ անկողինս, դնում եմ, թագավորական պառկում եմ:
Ամենասպասվածը գիշերվա ժամերն են: Մթին կյանքի միայն լուսավոր պահերն են այցի գալիս: