Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու համար։ Նամակում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23 թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։
Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019թ․ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը և արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։
Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։
Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է, հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։
Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը․ «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում և ուսուցանում մեր երեխաներին ցեղասպանության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազրկվում են»։
Մեծարգո պարոն Բայդեն,
Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։