Տարածքնե՞ր, ֆինանսական փոխհատուցո՞ւմ, թե՞ ուղղակի ներողություն հայ ժողովրդից: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում մեկնարկած արյունալի իրադարձությունները որպես Ցեղասպանություն որակելու միջազգային գործընթացը մեկնարկել է Հայաստանի անկախանալու գործընթացին զուգահեռ, այս ընթացքում մոտ տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ է ստացել Երևանը այս գործընթացի արդյունքում, և ինչո՞ւ է այս հարցը պետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների շարքում:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակվեց նաև 100-րդ տարելիցից հետո. Թուրքիայում համոզված էին, որ գործընթացը կդադարի: Սխալվում էին: Սակայն բուն ճանաչումը հայկական պետության համար ինքնանպատակ չէ: 2015 թվականին համահայկական հռչակագրում ընդգծվում է փոխհատուցման անհրաժեշտությունը:
Հարություն Մարության (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն) - Առաջինը՝ ճանաչում, երկրորդը՝ ներողության հայցում, երրորդը՝ հատուցում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշում է այն փուլերը, որոնք ենթադրում է ճանաչման գործընթացը: Այժմ ճանապարհի սկզբին ենք՝ նշում է գիտնականը:
Հարություն Մարության - Թուրքիա պետության կողմից ճանաչում, ներողություն և հատուցում տեղի չի ունեցել: Մենք այդ ճանապարհի ինչ-որ մի հատվածին ենք, երբ դեռ արտաքին ճնշումներ են ազդում այդ պետության վրա, որպեսզի նա ճանաչի այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին:
Այն, որ միայն միջազգային ճնշումը կարող է ստիպել Թուրքիային փոխել դիրքորոշումը, վկայում է ոչ միայն Անկարայից հնչող հայտարարությունների, այլ նաև այն զգալի ֆինանսական միջոցների մասին, որոնք ուղղվում են ժխտողական քաղաքականության համար: Հայոց ցեղասպանության մասին յուրաքանչյուր հոդված և բանաձև ստիպելու է Թուրքիային ավելի մեծ միջոցներ ծախսել՝ վստահ է քաղաքագետ Թևան Պողոսյանը: Այս պատճառով պետք է ավելի սերտ աշխատել պետությունների հետ:
Թևան Պողոսյան (քաղաքագետ) - Հենց այդ գումարի չափն այնքան մեծանա, որ Թուրքիան գիտակցի, որ ավելի լավ է՝ ճանաչի, որովհետև շատ ավելի ծանր ա նստում, բնականաբար այդ օրը կգնա այդ քայլին: Հայկական մոտեցումը պետք է լինի, որ ծանրացնի:
Թուրքիայի վրա ճնշումն անհամեմատ մեծ կլինի, եթե Ցեղասպանության փաստը արձանագրի Միացյալ Նահանգների նախագահը: Դա մի մեծ գործընթացի մեկնարկ կլինի՝ ասում է Պողոսյանը, հիշեցնում այլ երկրների օրինակը:
Թևան Պողոսյան - Մենք ունենք երկրներ, որոնք ճանաչել են և, օրինակ, ժխտումը քրեականացրել: Կամ ունենք Գերմանիան, որը ճանաչելուց հետո նաև հայտարարել է, որ իր արխիվները բաց են, և կարող ենք օգտագործել:
Թուրքիայի ճանաչումը պետք է փոխհատուցման հանգեցնի: Նաև այս հանգամանքն է ստիպում Անկարային հսկայական միջոցներ ծախսել գործընթացի արգելակման համար: Իսկ Հայաստանում և սփյուռքում փոխհատուցման տարբեր սցենարներ են քննարկվել և քննարկվում:
Հարություն Մարության - Արևմտյան Հայաստանի վերադարձ, կամ էլ առնվազն Վիլսոնյան սահմանների վերականգնում և հայկական պետականության վերականգնում Արևմտյան հայաստանի տարածքում: Դա մի տարբերակն է: Մյուսը՝ հատուցում շատ ավելի լայն ձևակերպումով: Դա կարող է լինել ֆինանսական հատուցում, կամ նույն հողի տեսքով հատուցում:
Որպես նախադեպ կարող է դառնալ Գերմանիայի փոխհատուցումը հրեաներին: Գործընթացը շարունակվում է մինչև հիմա: Ընդհանուր առմամբ՝ Գերմանիան Հոլոքոստի զոհերի հարազատներին ավելի քան 100 միլիարդ դոլար է հատուցել: