Որպեսզի աշխարհը համոզվի, որ նման վայրագությունները չեն կրկնվելու, մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ՝ գրում է Jerusalem Post պարբերականը:
Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայ տղամարդիկ, կանայք ու երեխաներ են սպանվել, ինչը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն: Իսրայելը, որը չնայած հիմնադրվել է Հոլոքոսթից հետո, քիչ է խոսում այդ մասին:
Պատճառն այն է, որ նացիստների կողմից վեց մլն հրեաների սպանությունը տեսած Իսրայելը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այժմ փոփոխությունների ժամանակն է:
Հոդվածում հիշատակվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթն իր ուղերձում օգտագործելու մասին, ինչը նա խոստացել էր նախքան ԱՄՆ ղեկավար դառնալը: Սա անկասկած կկատաղեցնի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային:
Տասնամյակներ շարունակ ԱՄՆ ղեկավարները խուսափել են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց՝ մտահոգվելով Թուրքիայի հետ հարաբերությունների սրումից: Բացի դրանից՝ դա հնարավոր չի եղել Անկարայի ինտենսիվ լոբբինգի պատճառով: Նույնը տեղի է ունեցել նաև Իսրայելում: Հրեական պետությունը մտավախություն ուներ, որ Թուրքիան վրեժխնդիր կլինի, եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Վերջին տարիներին Իսրայելի կառավարությանն անդադար առաջարկվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ներկայացվել են բազմաթիվ բանաձևեր, սակայն մերժվել են:
Երբ Հոլոքոստի հիշատակի օրը հրեաներն ասում են «Այլևս՝ երբեք»՝ ակնհայտորեն նկատի ունենալով հրեաների ողբերգությունը, միանգամայն հստակ է, որ ցեղասպանությունը երբեք չպետք է կրկնվի ոչ մեկի դեմ: «Այլևս՝ երբեք» արտահայտությունը հաստատելու առաջին քայլը պատմությունը ճանաչելն է այնպես, ինչպես՝ կար, և հստակեցնել, որ հայերի հետ տեղի ունեցածն իրականում ցեղասպանություն էր: