«Անատոլիական կրոնների և հավատքների հարթակի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հավատատեղերի և պաշտամունքի վայրերի փոխակերպումն Անատոլիայում» խորագրով գիտաժողովը՝ միջազգային մի շարք գիտաշխատողների, հետազոտողների մասնակցությամբ։ Հարցին քաղաքական, ճարտարապետական, պատմական, իրավական տեսանկյուններից անդրադարձած բանախոսները ներկայացրեցին Հռոմեական, Բյուզանդական կայսրություններից մինչև հանրապետական Թուրքիա ընկած ժամանակաշրջանները։ Օսմանագետ-աստվածաբան Վանեսա դե Օբալդինան գիտաժողովի կազմակերպիչներից է, որը դասավանդում է Մայնցի Յոհան Գուտենբերգի անվան համալսարանում։
Միջազգային հանրությունը լայնորեն քննադատեց նախորդ տարվա ընթացքում Թուրքիայում երկու կարևոր քրիստոնեական արժեքների՝ Սուրբ Սոֆիայի տաճարի և Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցու վերածումը մզկիթների: Դա նաև բազմաթիվ բողոքների տեղիք տվեց։ Գիտաժողովի թեման և ընտրված ժամանակահատվածն ամենևին էլ պատահական չեն։
Վանեսա դե Օբալդինան, Յոհան Գուտենբերգի անվան համալսարանի գիտաշխատող - Գիտաժողովի իրականացումը պատասխան էր երկու պատմական հուշարձանների փոխակերպման։ Հույն ուղղափառ Սուրբ Սոֆիայի տաճարը 2020թ. հուլիս ամսին վերափոխվեց մզկիթի, որին կարճ ժամանակ անց հաջորդեց բյուզանդական շրջանին պատկանող մեկ այլ հույն ուղղափառ եկեղեցու՝ Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցու վերափոխումը մզկիթի։ Վերջինս Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում վերածվել էր մզկիթի, այնուհետև հանրապետական շրջանում՝ թանգարանի, այժմ՝ կրկին մզկիթի։
Անատոլիայում բազմաթիվ հավատատեղիներ, պաշտամունքի վայրեր պատմության ընթացքում փոխակերպվել են մզկիթների կամ օգտագործվել այլ նպատակներով։ Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ վանեցի Մեհմետ Ֆաթիհ Գյուդենի հեղինակած «Լուռ զանգեր» վավերագրական ֆիլմի ցուցադրութունը։ Հեղինակն այցելել է Վանի տարբեր գյուղերում, շրջաններում գտնվող հայկական եկեղեցիներ և վանքեր և ներկայացրել դրանց պատմությունը։
Մեհմետ Ֆաթիհ Գյուդեն, Վանի Յուզունջու յըլ համալսարանի արվեստի պատմության բաժնի ուսանող - Վանա լճի ավազանում գտնվող քրիստոնեական ճարտարապետության գույքագրման և արխիվացման աշխատանք եմ իրականացնում։ Նկատեցի, որ այս շրջանները, որտեղ մենք ենք բնակվում, ժամանակին շատ լուրջ հայկական բնակչություն ունեին։ Յուրաքանչյուր գյուղ, որտեղ ոտք էի դնում, նախկինում ունեցել էր հայկական անուն, և ամենուր հանդիպում էի եկեղեցական շինության։ Վերջիվերջո, որոշեցի այս շրջանում երկար տարիներ կատարածս հետազոտական աշխատանքը վերածել վավերագրական ֆիլմի։
Վանի շրջանում հայկական եկեղեցիներին, վանքերին սպառնացող վտանգն, անուամենայնիվ, ոչ թե փոխակերպումն է, այլ բախտի քմահաճույքին մատնված լինելը, իսկ մեծագույն թշնամիները գանձ որոնողներն են։ «Լուռ զանգեր» վավերագրական ֆիլմը լայնորեն անդրադարձել է այդ խնդրին և նպատակ ունի վերհանել շրջանի հսկայական հայկական մշակութային ժառանգությունն ու բարձրացնել տեղի բնակչության գիտակցության մակարդակը։
Մեհմետ Ֆաթիհ Գյուդենի - Տարիներ շարունակ շրջանում կատարածս այցերի ժամանակ նկատում էի, որ հայկական կրոնական շինություններն ավերվում և վնասվում են։ Փորձում էի սրա պատճառները գտնել։ Այնուհետև հասկացա, որ խնդիրը բնակչության շրջանում գիտակցության բացակայությունն է, շինությունների արժեքը չիմանալը։ Ենթադրում են, որ այնտեղ գանձեր կան։ Հասկացա, որ մարդկանց պետք է ներկայացնել, որ այդ շինությունները և այն փաստը, որ դրանք դեռ կանգուն են, ինքնին գանձ է, արժեք է։ Վավերագրական ֆիլմի գաղափարն այսպես ծագեց։
Ֆիլմը հնարավոր կլինի դիտել տարբեր, այդ թվում՝ նաև հայաստանյան փառատոներում, այնուհետև օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հասանելի կլինի բոլորին։