Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետ ելույթ ունեցավ Սենատի նախագահը՝ նշելով, որ աշխարհում քիչ են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին համարժեք վայրերը:
«Ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն դրա զոհերն այստեղ են՝ մեզ հետ: Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի՝ ծանոթ լինելով կատարվածին և, այնուամենայնիվ, այստեղից հեռանում ես փոխված:
Ժողովրդավարական հասարակություններում պահեր կան, երբ քաղաքական տարակարծությունները կորցնում են իրենց իմաստը: Եվ այսօր մենք այստեղ ենք՝ Սենատի տարբեր հանձնաժողովների նախագահների հետ միասին՝ փաստելու այդ հանգամանքը: Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն իմ սիրտը հայի սրտի նման է բաբախում: Այստեղ անցյալն արձագանքում է ներկայում: Հուշահամալիրը մեզ սովորեցնում է, որ ռազմական գործողությունները, եթե նույնիսկ դրանք հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում: Թող որ այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայերը, և որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնություններով, վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, այստեղ գտնի այն պատասխանը, որը մարտահրավեր է նետում անցյալին, այն դեպքում, երբ սպառնալիքը, որ թվում է՝ մարել է, կարող է կրկին բռնկվել, կենդանի հիշողությունը պատմության կրկնության դեմ լավագույն պատվարն է:
1915 թվականից հետո բազմաթիվ հայեր, որոնք ստիպված էին արտագաղթել, ապաստան գտան Ֆրանսիայում: Մենք պատկերացնում ենք, թե ինչքան բան է Ֆրանսիան նրան պարտական: 20 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրենք՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Դա տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ժակ Ժիրակի նախաձեռնությամբ: Այս պատմությունը ստիպում է մեզ՝ եվրոպացի ֆրանսիացիներին, որ երբեք դա չմոռանանք:
Վաղն առավոտյան մենք Ֆրանսիայում պետք է հիշատակենք նացիստական արտաքսումների զոհերի հիշատակը: Բոլորով միասին մենք պետք է հիշենք մարդկային արժանապատվության, ժողովրդավարական արժեքների մասին: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Ժերար Լարշեն: