Փոքր ցուցասրահում հայ գրականության նորավեպի արքայի՝ Գրիգոր Զոհրապի հավաքածուի նոր ցուցանմուշներն են: Արխիվային նյութեր, իրավական ակտեր, երբևէ չցուցադրված լուսանկարներ: Գրականության և արվեստի թանգարանը մտավորականի ծննդյան 160-ամյակին նվիրված միջոցառումներն սկսում է Մեծ Եղեռնի նախօրեին՝ հիշեցնելով՝ 1915-ին բնաջնջվեց նաև արևմտահայ ստեղծագործ միտքը: Զոհրապը՝ որպես գրող և փաստաբան, գոյության պայքարի առաջին շարքում էր՝ դիպուկ բնորոշումը Դանիել Վարուժանինն է:
Կարո Վարդանյան, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն - Ասում է՝ Գրիգոր Զոհրապն այն պատնեշն է Օսմանյան երկրում, որմէ հայ ժողովուրդը կսպասե իր փրկությունը:
Թեև 20-րդ դարը Զոհրապին տվեց իր կոչումը՝ նորավեպի արքա, ինքը՝ գրողը, իրեն համարում էր պարզապես գրականության սիրահար: Կարո Վարդանյանի տեսանկյունից՝ դա համեստություն չէր, ուղղակի ինքը գիտեր իր գրչի ուժը, միևնույն ժամանակ՝ հիշեցնում իր փայլուն իրավաբան լինելը, որով փորձում էր լուծել արևմտահայության խնդիրների անվերջանալի շղթան:
Կարո Վարդանյան - Օսմանյան պառլամենտում նրա գործունեությունը հիմնականում սևեռված էր ազգային փոքրամասնությունների իրավունքներն իրավական ակտերում ամրագրելուն:
Զոհրապը միակ գրողն էր, որ ապրել է բարեկեցիկ կյանքով: Որպես փաստաբան, վաստակած ամբողջ գումարը նվիրաբերել է կրթական և մշակութային հաստատություններին: Գրականագետի պնդմամբ՝ ժամանակի ընթացքում Զոհրապի հանդեպ ատելությունը մեծանում էր, բայց Օսմանյան խորհրդարանում գրողը, որպես փաստաբան, մեծ հարգանք էր վայելում՝ մասնագիտական նորարարությունների համար:
Գրիգոր Զոհրապն ու ժամանակի արևմտահայ գրական մտքի անուններն իրենց ստեղծագործություններով նշանավորեցին իրենց ծննդյան տարեթվերը: Բայց բոլորի մահը կանխորոշեց 1915-ը: Արևմտյան գրողները թանգարանում մշտական ցուցադրության են ներկայացված: