Արգենտինայի Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլան ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Սկսած 2007 թվականից, իմ երկիրը՝ Արգենտինական Հանրապետությունը, յուրաքանչյուր ապրիլի 24-ին նշում է «Գործողության օրը՝ հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի»։ Իհարկե, այն օրենքը, որը սահմանեց այս հանգամանքը, հիմնվեց հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակման տարելիցի վրա, որը գալիս է 1915 թվականից։
Մենք սա անում ենք՝ ելնելով բազմաթիվ հանգամանքներից։ Առաջին հերթին՝ այն հարգանքի տուրքը, որը աշխարհի բոլոր տղամարդիկ և կանայք պարտավոր են տալ այս ահռելի ողբերգության զոհերի հիշատակին։ Երկրորդ հերթին՝ որովհետև ունենք շատ կարևոր հայկական համայնք, որի ներկայացուցիչներից շատերը եկել են հայ ժողովրդի համար այդ ողբերգական ժամանակից հետո, ապաստան են գտել Արգենտինայում։ Նրանք մեզ շրջապատող մարդկանց տատիկներն ու պապիկներն են։ Եվ դա արել են՝ բերելով իրենց մշակույթը, ավանդույթները, իրենց աշխատելու կարողությունն և դժվարին իրավիճակներին հարմարվելու ունակությունը։ Եվ նրանց ժառանգները եղել են գերազանց մասնագետներ, հետազոտողներ, մարզիկներ և շարունակում են լինել այդպիսին։ Կա եղբայրական բարեկամություն մեր ժողովուրդների միջև։
Մենք սա անում ենք նաև, որովհետև Արգենտինայի համար դիմացինի հանդեպ հարգանքը, բազմազանության հանդեպ հարգանքը, այլոց գաղափարների հանդեպ հարգանքը բացարձակապես սուրբ հարց է։ Մենք նաև ջանասիրաբար պայքարել ենք հանուն այն բանի, որ չլիներ անպատժելիություն նրանց նկատմամբ, ովքեր ոտնահարել են մարդու իրավունքները ու մենք շարունակելու ենք դա անել։
Եվ սա անում ենք հանուն հիշողության, որն այդ պայքարի ամենակարևոր տարրերից մեկն է։ Այդ պատճառով, այս ապրիլի 24-ին չենք ուզում մոռանալ հայ ժողովրդին, Ցեղասպանությունը և ուզում ենք, որ այդ հիշողությունը ծառայի, որպեսզի այլևս երբեք ստիպված չլինենք այդպես լուծելու տարաձայնությունները կամ ականատես լինել աշխարհում դրանց լուծմանը այդպիսի միջոցներով։
Անկախ նրանից, որ դա ուտոպիստական է, մենք ընդմիշտ ինքներս մեզ պարտք ենք այդ պայքարը։ Ցանկանում եմ սիրելի հայ ժողովրդին խաղաղություն և բարգավաճում»։