ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԿԱՍԵՑՆԻ ՆՈՐ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Միայն հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ուղերձում Հայաստանի վարչապետը հիշեցրել է՝ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության ձեռքերով և մտահղացմամբ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը; Նույնիսկ հազարամյակներ անց, հայը հիշելու է և աշխարհին թույլ չի տա մոռանալ, որ 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալվեց և մահվան դատապարտվեց արևմտահայ մտավորականության սերուցքը։ Գլխատվեց ժողովրդի մտավոր, հոգևոր և մշակութային վերնախավը: Հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանում ապրելու իրավունքից։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում միլիոն ու կես նահատակներին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։
Ո՞րը պետք է լինի մեր պատասխանն այդ նեոպանթյուրքիստական սպառնալիքին։ Վարչապետի խոսքով՝ միայն ու միայն ամուր, ժամանակակից և հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Միաժամանակ, միայն հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Նիկոլ Փաշինյան - Ապրիլի 24-ը մեր ազգի, մեր ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտորելու ամենապարտադրող պահն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենապատեհ առիթը: Կարևորագույն հետևությունը, որ կարելի է անել դրանից, հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դրա վառ ապացույցն էր: Միայն առաջատար տնտեսություն, արդիական անվտանգային և քաղաքական համակարգ ունեցող Հայաստանը, որն իր շուրջը կհամախմբի ողջ հայությանը, կարող է դիմակայել այդ մարտահրավերներին:
Աշխարհը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է
Հայաստանի նախագահն ասել է, որ որ ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, և որ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: Նման ոճրագործություններն ու դրանց հեղինակներին պետք է կոչել իրենց անուններով, դատապարտել հանցագործությունն ու հանցագործին:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, երբ դեռ ապաքինվում ենք ծանրագույն հարվածից, մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը: Մենք կարող ենք ու պարտավոր ենք ուղղել մեր մեջքը և ամուր կանգնել սեփական հողին և հավատարիմ մնալ ինքներս մեզ: Միանշանակ մերժելի են ոտնձգությունները մեր ազգային ու բարոյական արժեքների, մեր ինքնության դեմ:
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԱՐ Է ԵՎ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ
Պայքարը, որը միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է եւ արդարացված: Ըստ խորհրդարանի ղեկավարի հայ ժողովրդի պայքարն արդար է, որովհետեւ յուրաքանչյուր չճանաչված եւ չպատժված ոճրագործություն պարարտ հող է ստեղծում դրա կրկնության համար: Պայքարն արդարացված է, որովհետեւ անգամ շուրջ մեկ դար անց, ցավոք, չեն փոխվել պանթյուրքական նկրտումներն ու ձգտումները: Դրա վառ ապացույցն էր նաեւ ադրբեջանաթուրքական ագրեսիան Արցախի նկատմամբ, որը կենսական սպառնալիք էր ողջ հայ ժողովրդի նկատմամբ:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Մենք` որպես պետականություն, որի մասին երազում էին նախորդ դարասկզբին մեր պապերը, եւ որը մենք վերականգնեցինք արդեն դարի ավարտին, այսօր պիտի զարգացնենք մեր անվտանգային համակարգն ու միջավայրը: Իսկ մեր հարեւանները, ի վերջո, պիտի հասկանան, որ մենք մեր հայրենիքից որեւէ տեղ չենք պատրաստվում հեռանալ: Հավատացած եմ, որ համահայկական ամբողջ ներուժը կենտրոնանալու է ի փառս Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի:
ՄԵՐ ՆՎԻՐԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ցեղասպանության ողբերգության ցավը այսօր արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին; Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ Սուրբ նահատակների հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ (Ամենայն Հայոց Կաթողիկոս) - Մեր ժողովրդի կյանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու գրավականը պետության զորացման պատասխանատվության բարձր զգացումն է և համախմբումը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։ Մեր սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթում ենք Ամենողորմ Տիրոջը, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր բարօր ու լուսավոր ապագան՝ հանուն ազգի ու հայրենյաց;
Կաթողիկոսն ընդգծել է, որ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունը արձանագրված է որպես մարդկության դեմ գործված դարի առաջին հանցագործություն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրեշավոր դրսևորումներով։