ԱԳ նախարար Արա Այվազյանը «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանն իր ելույթում նշել է, որ այսօր, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության նահատակներին, պետք է հիշենք, որ Ցեղասպանության զոհ է գնացել նաև մեր նախնիների ստեղծած մշակութային ժառանգության հսկայական մասը։ Ցեղասպանություն հանցագործությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլև նրա ինքնության անբաժանելի մաս կազմող ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը՝ մշակութային ցեղասպանությունը:
«Մշակութային ցեղասպանությունը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջին՝ այն վերապրողների հոգու սպանության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փորձ է, երկրորդ՝ այն հետապնդում է բնաջնջված բնիկ բնակչության գոյության պատմական հետքերի վերացումը։ Այլ կերպ ասած՝ մշակութային ցեղասպանությունը կոչված է պայքարելու հիշողության, պատմական արդարության և մարդկային արժանապատվության դեմ։
1915 թ․ Օսմանյան կայսրությունում սկսված հայ բնակչության կանխամտածված և ծրագրված զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը սկիզբ դրեցին նաև մշակութային ցեղասպանությանը, որը, տարբեր ուժգնությամբ, տևեց տասնամյակներ։ 1919 թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն՝ ավերվել էր 1860 եկեղեցի և 229 վանք։ Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներն էին, և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920 թ. Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։ Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն:
Մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006 թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89-ը՝ միջնադարյան եկեղեցիներ, և շուրջ 6 հազարը՝ միջնադարյան խաչքարեր։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները նախ փորձեցին փոխել հայկական հուշարձանների ծագումնաբանությունը, ապա, իրենք էլ չհավատալով սեփական շահարկումներին, որոշեցին ամբողջովին ոչնչացնել Նախիջևանի հայկական ինքնության անխոս վկաներին։
2020 թ.՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, մենք կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքին: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև:
Ուստի այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը։ Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա:
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Մեզ այստեղ է բերել հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծված հոգևոր և նյութական արժեքների փրկության հրամայականը։ Մեր մշակութային ժառանգությունը մեր նախնիների հույզերի, մտորումների և նվիրումի արգասիքն է։ Այն մաս է կազմել մեր ճակատագրի, անցել է մեր կայացման, պատմական զարգացման և կորստի բոլոր փուլերով։ Այսօր էլ մեր նախնիները խոսում են մեզ հետ իրենց ստեղծած արժեքների միջոցով և մեզ են փոխանցում իրենց իմաստությունը, գեղեցիկի զգացումը և մարդկային արժանապատվությունը:
Այս մշակութային ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ է լինել իրազեկված, տեղեկացված, հստակ պատկերացնել խնդրի էությունը, դրա ծավալները և հետևանքները:
Այս ցուցահանդեսով մենք հետապնդել ենք հենց այդ նպատակը․ ոչ միայն հնչեցնել մեր մտահոգությունները, վտանգված հուշարձանների վիճակագրությունը, այլ նաև հնարավորինս ներկայացնել դրանցից որոշների դեմքն այն համոզմունքով, որ այս հուշարձանների կորուստն անդառնալի կլինի բոլորիս, համաշխարհային մշակութային ժառանգության համար։
Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ։ Դրան անդրադառնում են ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ՝ բազմաթիվ երկրներ, ՄԱԿ մասնագիտացված կառույցներ և կազմակերպություններ։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը։ Չպետք է մոռանալ, որ անգամ ամենաերկարատև հակամարտություններն անցողիկ են, իսկ պատմամշակութային ժառանգությունը՝ հավերժ։
Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորին և ցանկանում բովանդակալից դիտում»,- իր ելույթում ասել է նախարարը: