Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության օր, սակայն հայերի ջարդերն սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը, կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։
Առաջին փուլով բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից, ապա թուրք ջարդարարներն սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, վիճակագրական տվյալների համաձայն` Օսմանյան կայսրությունում կոտորվել է 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։
1965 թվականից սկսած ամեն ապրիլի 24-ին մարդկային հոսքերի հիմնական ուղղությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, որտեղ անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհվում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: