Թուրքիայի նախագահ հետ հեռախոսազրույցի ընթացքում Ջո Բայդենը հայտնել է՝ Ապրիլի 24-ի ուղերձում 20-րդ դարասկզբի իրադարձություններն անվանելու է ցեղասպանություն: Ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, մանրամասներ է հայտնել Բայդեն-Էրդողան զրույցից: Պարբերականը նշում է՝ ակնկալվում է, որ Բայդենը «ցեղասպանություն» բառը կօգտագործի ապրիլի 24-ի հայտարարության ժամանակ` կատարելով իր նախընտրական քարոզարշավի խոստումը:
Նարեկ Մինասյան («Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ) - Տարիներ շարունակ Ջո Բայդենը բավական ակտիվ աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, նա մշտապես աջակցել է հայկական համայնքին այս հարցը օրակարգ բերելու, նաև չի կաշկանդվել հանդես գալ հայտարարությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի շրջանակում, և բացի այդ նախընտրական պայքարի շրջանակում ևս Բայդենը կրկին խոստում տվեց, որ նախագահ դառնալու դեպքում պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Բլումբերգի» հրապարակումից կարճ ժամանակ անց նույն բովանդակությամբ հրապարակում հայտնվեց հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությունում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահին ասել է, որ մտադիր է 1915-ի կոտորածներն ու հայերի բռնի տեղահանումը ճանաչել որպես ցեղասպանություն: Տեղեկությունը Reuters-ին փոխանցել են նախագահների զրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրները:
Միջազգային մամուլն արդեն մեկ ամիս է՝ ակտիվ քննարկում է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման հարցը: Աշխարհի հայտնի լրատվամիջոցների գլխագրերում նույն համոզմունքն էր՝ Բայդենը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:
Նարեկ Մինասյան - Դեռ մեկ ամիս առաջ մամուլում արդեն ի հայտ եկան տարբեր արտահոսքեր, որ վարչակազմը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հիմա ավելի ակտիվացան:
Մեդիա տիրույթում Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցը հետաքրքությունների նոր ալիք բարձրացրեց: Էրդողանին ուղղված Բայդենի զգուշացումը չվրիպեց մամուլի աչքից: Իրար հաջորդելով՝ հեղինակավոր լրատվամիջոցները տարածեցին նախագահների հեռախոսազրույցի չհրապարակված հատվածները՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության անդրադարձը:
Նարեկ Մինասյան - Հայոց ցեղասպանության մասին որևէ անդրադարձ չկար, բայց վստահաբար քննարկվել է: Էրդողանը փորձել է հետ պահել Բայդենին այդ որոշումից: Թե որքանով է դա հաջողվել Էրդողանին՝ մենք կիմանանք ժամեր անց:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հաստատել է՝ Հայոց ցեղասպանության տարելիցին Բայդենը հանդես է գալու հայտարարությամբ՝ առանց սպասվող ելույթի բովանդակային չակերտները բացելու: