Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին Երևանում մասնակցելու համար, ինչը ևս մեկ անգամ փաստում է երկու երկրների բարեկամության և եղբայրության մասին: Խորհրդարանի խոսնակը նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի ամուր կապերը հիմնված են դարավոր քրիստոնեական և մշակութային կապերի վրա՝ հայտնում են ԱԺ-ից:
Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանի խորհրդարանն իր հերթին ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Նա նշել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափում:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար՝ նշելով, որ Կիպրոսը եղբայրական զգացմունքներով է լցված Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Պետրիդեսն ընդգծել է, որ մեր երկու երկրների արտաքին սպառնալիքները բավականին նման են՝ պայմանավորված Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ագրեսիային՝ երկուստեք կարևորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանների միջև, պաշտպանական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր: