Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի հոգևոր առաջնորդի, կառավարության անդամների և ԱԺ անձնակազմի ուղեկցությամբ մասնակցել է Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին նվիրված պահանջատիրության և անմեղ զոհերի ոգեկոչման քայլերթին:
Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան 3 պատերազմներում նահատակված քաջորդիների անմար հիշատակին:
Նախօրեին՝ երեկոյան, խորհրդարանի անձնակազմն Արթուր Թովմասյանի գլխավորությամբ մասնակցել էր Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի երիտասարդական և«Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկած Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերթին:
Հավելենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ապրիլի 22-ին կայացած հերթական նիստի ժամանակ ընդունել է
հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: