Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր Պավել Շպերովը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատգամավորներ Տատյանա Կուսայկոն ու Յուրի Արխարովը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ուղեկցությամբ:
Ռուս խորհրդարանականները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին, գրառում կատարեցին «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:
Տատյանա Կուսայկոն նշեց, որ ամբողջովին համաձայն է իր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որ նա հայերի սպանությունը համարում է Ռուսաստանի անձնական ցավը. «Թանգարան այցելությունն ինձ վրա թողեց ծանր տպավորություն, և հենց այս պահին շատ հուզված եմ խոսում: Հասկացա, թե ինչքան կարևոր է ամբողջ աշխարհի համար բարեկամությունն ու խաղաղությունը, որ չկրկնվի մարդկության հանդեպ այսպիսի հանցագործությունը: Հայերի հանդեպ կատարվածը շատ ծանր դաս է, որը մենք պետք է հաղթահարենք և դասեր քաղենք»:
ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորներն այցելեցին նաև Երևանի քաղաքապետարան՝ մասնակցելով «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը:
«Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային և հոգեւոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Արցախում ստեղծված ձեռագրեր եւ գորգեր, ինչպես նաեւ Շուշիում տպագրված առաջին գրքերը:
Ցուցահանդեսում ընդգրկվել են լուսանկարներ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից: