ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
«Ողջունում ենք ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, որով հստակ մատնանշվում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: Հայոց ցեղասպանության դժվարին օրերին Ամերիկայի կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր օգնություն են ցուցաբերել և մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր:
ԱՄՆ նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտության և արդարության կողքին կանգնելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթները: Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է: Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին:
Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: